Ախալքալաքի քաղաքապետարանից բնակիչները ամանորյա նվեր կստանան

Ախալքալաքի քաղաքապետարանից բնակիչները ամանորյա նվեր կստանան

Ամանորի նախաշեմին Ախալքալաքի մունիցիպալիտետի սոցիալական ծառայությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի կարիքավոր բնակիչներին ու ընտանիքներին։ Ներկայումս Սոցիալական ծառայության առկա տվյալների հիման վրա կազմվում է այս ծրագրի շահառուների ցանկը, իսկ շահառուների թիվը և աջակցության չափը դեռ վերջնականապես որոշված չեն։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցիալական ծառայությունը որոշակի սոցիալական կարգավիճակ ունեցող որոշ բնակիչների կտրամադրի միանվագ դրամական օգնություն։

«Ամանորյա նվեր» կստանան հետևյալ սոցիալական կարգավիճակ ունեցող անձինք.

  • Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները
  • Մինչև 18 տարեկան երկկողմանի որբերը
  • Միակողմանի որբերը
  • Փախստականները
  • 100 տարեկանից բարձր տարեցները
  • Մունիցիպալիտետի բազմազավակ ընտանիքները

«Այս նվերը մենք տրամադրում ենք առանց իրենց դիմումի, նրանք մեր ցուցակներում են, մենք մարդկանց ցուցակները հավաքում ենք, վերլուծում և հատկացնում ենք: Դեռևս քննարկվում է, թե ում և որքան հատկացնենք»,- ասաց քաղաքապետարանի աշխատակազմին կից Առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի պետ Անահիտ Յորդանյանը։

Նախորդ տարի քաղաքապետարանի կողմից ամանորյա նվեր է ստացել 350 շահառու։ jnews.ge