«Էրեբունի ԲԿ-ում բուժառուի մարմնում տեղադրել են դիակից հանված մետաղական կոնստրուկցիա». Կարեն Հեքիմյան

«Էրեբունի ԲԿ-ում բուժառուի մարմնում տեղադրել են դիակից հանված մետաղական կոնստրուկցիա». Կարեն Հեքիմյան

«Էրեբունի ԲԿ-ում չի բացառվում, որ բուժառուի մարմնում տեղադրել են դիակից հանված մետաղական կոնստրուկցիա». Կարեն Հեքիմյան. Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞վ է «Էրեբունի» ԲԿ-ն տարբերվում կոշկակարի կրպակից: «Ազդոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ ՀՀ քաղաքացուն տեղափոխեցին «Էրեբունի» ԲԿ: Մի քանի օր անց (՞՞՞) վերջինիս վիրահատեցին: Վիրահատության ընթացքում օգտագործվող պարագաների և դրանց արժեքի վերաբերյալ բժիշկները մինչև վիրահատություն բազմաբովանդակ լռեցին:

Վիրահատության հաջորդ օրը (՞՞՞) բժիշկները վիրահատվողին տեղեկացրեցին, որ վերջինս պետք է վճարի վիրահատության ընթացքում տեղադրված մետաղական կոնստրուկցիայի համար, սակայն չտեղեկացրեցին, թե որքան: Մի քանի ժամ անց պարզվեց, որ մետաղական կոնստրուկցիան արժի 360000 (՞՞՞) ՀՀ դրամ: Մի քանի րոպեից վերջինիս գինն իջավ մինչև 300000 (՞՞՞) ՀՀ դրամ և կանգ առավ: Քաղաքացին պահանջեց մետաղական կոնստրուկցիայի փաստաթղթերը: Բժիշկն ասաց, որ փաստաթղթերը հասանելի կլինեն միայն վճարումից հետո (՞՞՞):

Վճարելուց հետո քաղաքացին ստացավ «հաշիվ վավերագիր», որտեղ նշված էր, որ մետաղական կոնստրուկցիան «պահեստից» դուրս է գրվել … վիրահատությունից մեկ օր անց (՞՞՞՞՞՞՞): Փաստորեն, «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատում են, քաղաքացու մարմնում ինչ-որ բան են տեղադրում, սակայն այդ «բանն» իրականում իրենց մոտ չէ` դեռ պահեստում է:

Մի խոսքով` ֆիկցիա է:  Դա էլ` հեչ: Շուրջ 1000 ԱՄՆ դոլար արժողություն ունեցող «մետաղն» անհայտ ծագումնաբանություն ունի` չունի կից փաստաթղթեր, անհայտ է արտադրող երկիրը և պիտանելիության ժամկետը, չկա ձեռքբերման պայմանագիր, անհասկանալի է, թե ով է պատվիրողը, առաքողն ու ստացողը: Ստացվում է, որ քաղաքացին լեգիտիմ իրավունք ունի մտածելու, որ իր մարմնում տեղադրվել է օգտագործված կամ, ինչն ավելի սարսափելի է, դիակից հանված մետաղական կոնստրուկցիա: Այժմ ամենահետաքրքիրը:

Քաղաքացին, իրավունքի վերականգնման պահանջով, դիմում է ՀՀ առողջապահության նախարարություն: Նախարարությունից քաղաքացու դիմումը վերահասցեագրում են, ուշադիր` «Էրեբունի» ԲԿ: Այն «Էրեբունի» ԲԿ, որտեղ քաղաքացուն անհայտ ծագումնաբանության և ակնհայտ կեղծ «հաշիվ վավերագիր» ունեցող մետաղական կոնստրուկցիա են տեղադրել: 

Այսքանից հետո, ավելի լավ չէ՞ «Էրեբունի» ԲԿ-ի փոխարեն … կոշկակարի կրպակ այցելել: Վերջում, ինչպես կասեր Փաշինյան Նիկոլը, եկեք խմենք հարկատուների կենացը, քանզի նրանք հերոս են»: