Ներկայումս Ջավախքում ամուսնության ամենաեռուն սեզոնն է, ամենուր մարդիկ պատրաստվում ու քննարկում են նշանդրեքներն ու հարսանիքները։ Այստեղ հարսանիքների հատուկ «սեզոն» կա, որը, ըստ տեղացիների՝ բացվում է խոպանչիների գալուն պես և շարունակվում է մինչև գարուն։ Մեզանում հարսանեկան ավանդույթներից որոշները մոռացության են մատնվել, որոշները կան և պահպանվել են, որոշներն էլ պահպանվել են, բայց ենթարկվել են որոշակի փոփոխությունների։
Ջավախքը մի վայր է, որտեղ միաձուլվում են ավանդական, ազգային, տեղական և իհարկե ժամանակակից հարսանեական ավանդույթները։ Այստեղ միշտ մեծ նշանակություն են տվել նոր ընտանիքի ստեղծմանը։ Ճիշտ է, Ջավախքում հարսանիքները էլ չեն տևում յոթ օր ու յոթ գիշեր, բայց այնուամենայնիվ, հայկական շունչը պահպանվել է։
Մի քանի տասնյակ տարի առաջ, հարսանիքների ժամանակ հիմնական շեշտը դրվում էր միայն դահլիճի ուրախության և ժամանցի վրա, իսկ այսօր, դրան զուգահեռ մեծ կարևորություն են տալիս նաև եկեղեցում պսակադրությանը, ֆոտոգոտուն (լուսանկարվելու հատուկ տարածք), հարսանեկան զարդարանքներին, նկարահանումներին և ամուսնությունն օրինականացնելուն։
Ժամանակակից «ավանդույթների» գալուստը Ջավախք ոչ միայն հնարավորություն տվեց երիտասարդներին հարսանիքը կազմակերպել նորույթներին համապատասխան, այլ նաև հնարավորություն տվեց շատ մարդկանց զբաղվել իրենց սիրած գործով և վաստակել գումար։ Հետևաբար, կարող ենք ասել, որ հարսանեկան արարողությունների ծիսակարգերի նորացումը Ջավախքում լայնացրեց տեղի աշխատաշուկան։ Մարդիկ, ովքեր սովորել են կամ սովորում են ֆլորիստ, վարսահարդար կամ դիմահարդար, լուսանկարիչ կամ վիդեոնկարիչ, հրուշակագործ և այլն, այս շրջանում հաստատ անգործ չեն մնա։
1980-90-ական թվականներին, երբ չկար այսքան շատ մեքենաներ, ձևավորումներ, ամեն ինչ այլ էր։ Կարինե Թորոսյանը պատմում է իր բարեկամուհու հարսանիքը, որը եղել է 80-ական թվականներին։
«Հիշում եմ բարեկամուհուս հարսանիքը, շատ ցուրտ էր, բուք, բոլորը կատակում էին՝ «հարսը թավաներ շատ է քերել», դրա համար էլ այդպես ձյուն է տեղում։ Հարսանիքը տևեց 3 օր, սկզբի 2 օրը հենց հարսանիքն էր, 3-րդ օրը «խնամին» (Խմբ՝ Ջավախքում կա այսպիսի մի ավանդույթ, հարսանիքի հաջորդ օրը փեսայի ընտանիքը տուն է հրավիրում հարսի ընտանիքի անդամներին ու մոտիկ բարեկամներին)։ Հարսանիքն անցկացրեցին հարևանի տանը, քանի որ այն նոր էր և դատարկ։ Հարսանիքի առաջին օրը փեսան իր բարեկամների, ընկերների և քավորի հետ միասին, հայկական ավանդական երաժշտությամբ և աքլորով, եկան հարսի հետևից։ Հարսի տանը ծնողների օրհնությունը ստանալուց հետո, մի երիտասարդ տղա հավաբնից գողացավ մի հավ, հետո պարելով հավաքեցին հարսի օժիտը և բոլորով գնացին։ Հետաքրքիրն այն էր, որ հարսին հայրական տանից տանում էին այլ ճանապարհով, որ հարսը մոլորվեր և չկարողանար հետ վերադառնար։ Գնում էին երկար ճանապարհով, որպեսզի ճանապարհին էլ հանդիպեին մոտիկ հարազատ-բարեկամների գցած սեղանին, իսկ տանը սպասում էր փեսայի մայրիկը, դիմավորում էր հարսին և փեսային մրգերից, պնդուկեղենից պատրաստած սկուտեղով։ Հարսանիքի ժամանակ փեսայի թևին կապում էին ժապավեններ», – պատմում է նա։
Կարինեն պատմում և ընդհանրացնում է այդ ժամանակների հարսանեկան ծեսերը․ «Այդ ժամանակներում՝ թե՛ հարսի և թե՛ փեսայի հարսանյաց հագուստը հագցնում էին երիտասարդները։ Ամեն բան ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով։ Մինչև հարսանիքը մեկ օր ևս հավաքվում և ուրախանում էին։ Այդ օրը մորթում էին հարսանիքի մսացուն։ Կար նաև մեկ այլ հետաքրքիր ավանդույթ, որն այսօր էլ կա շատ գյուղերում։ Եթե փեսացուն այլ գյուղից էր, հարսանիքի օրը գյուղի երիտասարդները փակում էին գյուղից դուրս եկող ճանապարհը, և այն բացելու համար պահանջում էին գառ և խմիչքեղեն»։
«Ճիշտ է, այդ ժամանակներում չկար տորթեր, զարդարանքներ, հարսի շորերի մեծ տեսականի, բայց միևնույն է, ամեն ինչի մեջ կար համ ու հոտ», – իր խոսքն այսպես է եզրափակում Կարինե Թորոսյանը։
Հետադարձ հայացք նետելով 40-45 տարի առաջ տեղի ունեցած հարսանիքներին, կնկատենք, որ հարսանեկան արարողության հիմնական մասն այսօր էլ կա, ուղակի ենթարկվել է փոփոխությունների, դարձել է ավելի համապատասխան 21-րդ դարին։ Այսօր բացակայում են աքլորները ու հավերը, փողոցների մեջտեղում հարազատ-բարեկաների կողմից բացված սեղանները, փեսայի թևի ժապավենները և այլն։
Այսօր, հարսանիքների ժամանակ մեծ ուշադրություն են դարձնում մեքենաների շարվածքին, այսպես կոչված «մաղարին», տարատեսակ զարդարանքներին, պսակադրությանը, բարձրահարկ և առանձնահատուկ ձևավորված տորթին, հարսանեկան տարբեր էֆեկտներին և այլն։
Հայկական ավանդական հարսանեկան շղթան սկսվում է խնամախոսություններով՝ կոնյակով և քաղցրավենիքով, իսկ վերջանում է «շախով-շուխով» հարսանիքով։ Հարսանիքների ուղեկիցն են հայկական ուտեստները, խմիչքները, երաժշտությունը և այլն։ Այս ժամանակահատվածը ամենասիրվածներից մեկն է Ջավախքում։ jnews.ge