
Հարավային Չինաստանի համալսարանի գիտնականները պարզել են, որ հագեցած, մոնոչհագեցած եւ պոլիչհագեցած ճարպաթթուները կարող են զգալիորեն մեծացնել երիկամներում քարերի առաջացման հավանականությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Թիմը վերլուծել է 30 716 մարդկանց առողջության եւ սննդակարգի տվյալները, որոնք մասնակցել են Առողջության եւ սննդակարգի ազգային հետազոտությանը (NHANES): Վերլուծությունը ցույց է տվել, որ օրական յուրաքանչյուր հավելյալ 10 գրամ հագեցած ճարպաթթուն ավելացնում է երիկամներում քարերի առաջացման վտանգը 22 տոկոսով, մոնոչհագեցած ճարպաթթուներինը՝ 10, իսկ պոլիչհագեցած ճարպաթթուներինը՝ 21 տոկոսով։
Սննդային ճարպերը օրգանական միացություններ են, որոնք սննդի էներգիայի հիմնական աղբյուրն են: Հագեցած ճարպերն առանձնանում են նրանով, որ դրանք պինդ են մնում սենյակային ջերմաստիճանում։ Դրանք հիմնականում հանդիպում են կենդանական ծագման մթերքներում՝ կաթ եւ կաթնամթերք, յուղոտ միս, ինչպես նաեւ «արեւադարձային» յուղեր (կոկոսի, արմավենու, կակաոյի յուղ):
Պոլիչհագեցած ճարպերը ներառում են օմեգա-3 եւ օմեգա-6 ճարպաթթուները: Դրանք էական են, քանի որ մարմինը չի կարող ինքնուրույն սինթեզել դրանք: Օմեգա-3 ճարպաթթուներ կան ձկան, ծովամթերքի, ընկույզների եւ բուսական յուղերի մեջ (կտավատ, ռապս): Omega-6-ը առկա է բուսական յուղերում (արեւածաղկի, սոյայի, եգիպտացորենի):
Մոնոչհագեցած ճարպերը, որոնք առկա են ավոկադոյի, ձկների եւ ընկույզների մեջ, համարվում են առողջարար, քանի որ դրանք օգնում են նվազեցնել վատ խոլեստերինի եւ բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակը: Սակայն, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, դրանց չափից ավելի օգտագործումը սպառնում է երիկամների ֆունկցիայի խանգարմամբ։