«Վրացական երազանք»-ը մեդիայի գործունեությունը սահմանափակող օրենք կընդունի

«Վրացական երազանք»-ը մեդիայի գործունեությունը սահմանափակող օրենք կընդունի

«Վրացական երազանք»-ը նախատեսում է ընդունել նոր օրենք, որը կսահմանափակի լրատվամիջոցների գործունեությունը՝  գրաքննություն կիրառելով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է միակուսակցական խորհրդարանի պատգամավոր Մամուկա Մդինարաձեն։

Ըստ նրա՝ վաղվանից սկսելու են նոր օրենք նախաձեռնելու աշխատանքները, որը «կսահմանի ԶԼՄ-ների օբյեկտիվության և լրագրողական էթիկայի չափանիշներ, սահմանելու է դրանց մոնիտորինգի և պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմները: Նաև նշել է՝ «կսահմանափակվի օտարերկրյա աղբյուրներից լրատվամիջոցների ֆինանսավորումը»:

«Կարելի է շատ ընդհանուր ասել, որ սրանք BBC-ի ստանդարտներ կոչվող, այսպես կոչված՝ նորմերն են, որոնք գործում են այսօր Բրիտանիայում: Այս դեպքում էլ կներդնենք բրիտանական նորմերին և վրացական մեդիա շուկային համապատասխան օրենսդրություն, որպեսզի ապահովենք մեր քաղաքացիների պաշտպանությունը ստից, առավելագույն երաշխիքներ տրամադրենք օտարերկրյա միջամտությունից, և դա կլինի բրիտանական օրենսդրության անալոգը», — ասել է Մդինարաձեն:

Ըստ փորձագետների՝ «Վրացական երազանք»-ի հայտարարած այս նոր օրենքը «գործակալների օրենք»-ի նման օրենք է. այս դեպքում՝ քաղհասարակության փոխարեն թիրախավորված է անկախ մեդիան:

Նշենք, որ «գործակալների օրենք»-ի ընդունման ժամանակ «Վրացական երազանք»-ը պնդում էր, թե «այն նման է ԱՄՆ-ում գործող FARA-ին և համապատասխանում է եվրոպական երկրներում գործող օրենսդրությանը»: