
Ատամի կիստան իրենից ներկայացնում է բորբոքային գոյացություն, որը, որպես կանոն, զարգանում է ատամի արմատի գագաթին: Կիստան նման է ամուր պարկի և առաջանում է ինֆեկցիայի դեպքում՝ սահմանափակելու համար դրա տարածումը, ինչպես նաև վնասվածքի հետևանքով: Բացի այդ, որոշ դեպքերում կիստան կարող է զարգանալ հայմորիտի կամ որևէ ինֆեկցիոն հիվանդության հետևանքով, երբ ախտածին միկրոօրգանիզմները արյան միջոցով ներթափանցում են լնդի մեջ:
Կիստան ձևավորվում է որպես պաշտպանողական մեխանիզմ՝ ի պատասխան բակտերիաների գրոհի: Սակայն կիստայի բարդացման դեպքում ոսկրային հյուսվածքում սկսվում են թարախային պրոցեսներ, ինչը կարող է հանգեցնել ատամի հեռացման: Դրանից խուսափելու համաև հարկավոր է որքան հնարավոր է շուտ դիմել ստոմատոլոգի:
Առավել հաճախ կիստան ձևավորվում է օրգանիզմի համար առանց որևէ բնորոշ ախտանշանների, երբեմն հնարավոր են աննշան դրսևորումներ: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ կիստան անընդհատ աճում է և քայքայում առողջ ոսկրային հյուսվածքը: Որքան ավելի արագ է ախտորոշվում կիստան, այնքան ավելի մեծ է ատամը պահպանելու հավանականությունը: Այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են ջերմությունը, ֆլյուսը և ցավերը, որպես կանոն, ի հայտ են գալիս հիվանդության վերջին փուլերում:
Կիստայի բուժման առավել տարածված մեթոդն այսօրվա դրությամբ ատամի արմատի մասնահատումն է: Կիստայի հեռացումից հետո խոռոչը լցվում է ոսկրանյութով և ծածկվում մեմբրանայով:
Ուղիղ ցուցումների բացակայության դեպքում, ատամը հեռացնելու անհրաժեշտություն չկա: Ճիշտ բուժումը թույլ կտա երկար ժամանակով պահպանել ատամը: