
Այսօր առավոտյան Երևանից Մոսկվա ուղևորվող ինթնաթիռը վայրէջք է կատարել Սամարայի օդանակավակայանում՝ ՌԴ-ի մայրաքաղաքում և Մերձմոսկվայան շրջանում ԱԹՍ-ների զանգվածային հարձակումների պատճառով։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր տասնմեկ չվերթ է վայրէջք կատարել Սամարայում՝ Դուշանբեից, Մագնիտոգորսկից, Երևանից և այլ քաղաքներից, որոնք մեկնում էին Մոսկվա։ Բացի այդ, հաղորդվում է, որ Վոլգոգրադի օդանավակայանում երկու ինքնաթիռ է վայրէջք կատարել չվացուցակից դուրս․ մեկը Մոսկվա է ուղևորվել Իսրայելից, մյուսը՝ Հայաստանից։ «Մոսկվայի մարզում օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով Թել Ավիվից և Երևանից թռչող ինքնաթիռները Վոլգոգրադի օդանավակայան են ժամանել գրաֆիկից դուրս»,- ասել է Վոլգոգրադի օդանավակայաի մամուլի քարտուղար Անաստասիա Գոլոդովան։ Հիշեցնենք, որ Մոսկվան ու Մոսկվայի մարզը ենթարկվել էին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման։