Հազարավոր լարիներ ու քայքայված նյարդեր՝ «անհասանելի» վարորդական իրավունքի գինը

Հազարավոր լարիներ ու քայքայված նյարդեր՝ «անհասանելի» վարորդական իրավունքի գինը

Վերջին շրջանում Ռուսաստանի քաղաքացիներն ավելի ու ավելի շատ են գալիս Վրաստան՝ ավելի հեշտ և էժան վարորդական իրավունք ստանալու նպատակով։ Սակայն փոփոխություններն ընդունելուց հետո հենց Վրաստանի քաղաքացիների համար վարորդական վկայական ստանալը ոչ միայն շատ դժվար ու թանկ է դարձել, այլև որոշ դեպքերում՝ անհնարին։ Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը․

Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները դժգոհում են վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացի բարդացումից, որը տեղի է ունեցել լրացուցիչ՝ քաղաքում մեքենա վարելու քննության ներդրումից հետո։ Նախկինում բնակիչները կարող էին վարորդական վկայական ստանալ առանց մունիցիպալիտետի տարածքից դուրս գալու, իսկ այժմ ստիպված են պարբերաբար մեկնել հարևան Ախալցիխե, քանի որ միայն այնտեղ կարող են վարորդական իրավունքի համար իրական քաղաքային պայմաններում քննությունը հանձնել։ Վարորդական իրավունքի թեկնածուներից շատերը չեն կարողանում հանձնել այս քննությունը նույնիսկ մի քանի փորձից հետո: Սակայն վարորդական վկայական ստանալ ցանկացողների համար ամենամեծ խոչընդոտը քննության մեծ ծախսերն են։

Արման Համբարյանն արդեն երկու տարի է՝ փորձում է վարորդական իրավունքի քննությունը հանձնել իրական պայմաններում, բայց ամեն անգամ տարբեր պատճառներով ձախողում է այն։ Արմանի քննությունը հանձնելու փորձերի վրա Արմանի ծնողները ծախսել են գրեթե 5000 լարի, իսկ հիմա սկսել են կասկածել, որ իրենց որդին ընդհանրապես վարորդական վկայական կստանա։

«Այս ամբողջ ընթացքում մենք ծախսել ենք գրեթե 5000 լարի մեր 19-ամյա որդուն վարորդական իրավունք ստանալու համար։ Նա արդեն երկու տարի է, ինչ փորձում է հանձնել քննությունները։ Նա 11-12 անգամ ձախողել է վարորդական իրավունքի քաղաքում հանձնվող քննությունը։ Այնուհետև նա նորից է հանձնել տեսական քննությունը և վարորդական իրավունքի հատուկ հարթակում մեքենա վարելու գործնական քննությունը, բայց ևս 4 անգամ ձախողել է քաղաքում վարորդական քննությունը՝ բոլորն էլ անհասկանալի պատճառներով։ Օրինակ, մի անգամ նա ճանապարհը զիջել է մեկ այլ մեքենայի, և նրանից միավորներ են հանել, քանի որ նրան ասել են, որ նա կարող էր մեքենայով հասցնել անցնել: Մեկ այլ անգամ նրանից միավորներ են հանել, քանի որ կարծում էին, որ նա կարող է արտակարգ իրավիճակ ստեղծել։ Վերջին անգամ օղակաձև ճանապարհին զիջել է մեկ այլ մեքենայի, թեև օրենքով պետք է առաջինը գնար, և դրա համար նա նույնպես միավորներ է կորցրել։ Մեկ այլ անգամ նա անցավ վթարայինի լույսերը միացրած մեքենայի կողքով և նրան ասել էին, որ նա չպետք է այդպես վարվեր: Ամեն անգամ ուրիշ բան են ասում։ Նրան տարանք Ախալցիխե, որտեղ նա 10 օր սովորում էր քաղաքային պայմաններում մեքենա վարել։ Քննությունից առաջ նա երկու անգամ վարել է ավտոհրահանգչի հետ։ Ամուսինս նրան 7-8 տարեկանից մեքենա վարել է սովորեցրել, ինքն էլ լավ է վարում»,- պատմում է Արմանի մայրը՝ Աճինյան Քիշմիշը։

Ախալցիխե երկար ճանապարհորդություններից ու զգալի ծախսերից հոգնած Արմանի ընտանիքը որոշել է, որ եթե վերջինս այս անգամ էլ քննությունը չհանձնի, վարորդական վկայական ստանալու հնարավորություն կսկսի փնտրել այլ երկրներում, որտեղ քննություններն ավելի քիչ են, և դրանք ավելի հեշտ է հանձնել։ Արմանն Ախալքալաքի մունիցիպալիտետի առաջին կամ վերջին բնակիչը չէ, ով դժվարությունների է հանդիպում վրացական վարորդական վկայական ստանալու հարցում։ Սա այն խնդիրներից է, որի մասին ախալքալաքցիները խոսում են հարցումների ժամանակ։

Այնուամենայնիվ, ինչպե՞ս կարելի է վարորդական իրավունքի քննություն հանձնել, եթե մեքենա վարել սովորելու համար ախալքալաքցիները ստիպված են խախտեն օրենքը և վարեն առանց վարորդական վկայականի, քանի որ Ախալքալաքում պետական կամ մասնավոր ավտոդպրոցներ չկան, ինչի մասին բազմիցս գրվել է Jnews-ում։

2022 թվականի ապրիլին քաղաքում իրական պայմաններում մեքենա վարելը դարձել է վարորդական իրավունքի քննության պարտադիր մաս։ Այս փոփոխությունների ընդունումից հետո վարորդական իրավունք ստացողների թիվը կտրուկ նվազել է։ Օրինակ՝ Վրաստանի ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել ընդամենը 703 մարդ, իսկ 2023 թվականին՝ 737 մարդ։ Ընդ որում, 2021 թվականին, այսինքն՝ մինչ փոփոխությունների ընդունումը, Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել 1937 մարդ։ Այսպես, վերջին երկու տարում, 2021 թվականի համեմատ, Սամցխե-Ջավախքի վարորդական իրավունք ստացած բնակիչների թիվը նվազել է ավելի քան 2 անգամ։