
Այսօրվա մեր հերոսուհին Թամարան է, ով պապիկի շնորհիվ կարևորել և սիրել է ստեղծագործելն ու կերպարվեստը։
Թամարա Ղարսլյանը ծնվել է 2001 թվականին Մոսկվա քաղաքում։ Նա արմատներով Նինոծմինդա քաղաքից է։ Գերազանց ավարտել է Լազարյանների անվան թիվ 2042 արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցը, որտեղ սովորել է նաև հայերեն գրել և կարդալ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ա.Ն.Կոսիգինի անվան ռուսական պետական համալսարանը, որը 2024 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է դիզայնի ֆակուլտետը։ Այժմ աշխատում է որպես դիզայներ «Monza» կանացի հագուստի ապրանքանիշում:
NOR ռադիոկայանի հետ զրույցում Թամարան նշեց, որ մանկուց մասնակցել է տարբեր ցուցահանդեսների։ 2018 թվականին հաղթել է Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը, որտեղ ՀՀ կրթության և գիտության նախարարից դիպլոմ է ձեռք բերել։ Բացի այդ, Թամարան օլիմպիադաների մասնակից է և գիտական հոդվածների հեղինակ։ Նա շարունակում է ակտիվորեն սովորել անգլերեն։ «Երբ հնարավորություն եմ ունենում, պարսկերենն եմ վերհիշում։ Այժմ նախատեսում եմ սկսել վրացերեն սովորել»,-ընդգծեց Թամարան։
Մեզ հետ զրույցում Թամարան խոսեց նրա մասին, որ այս պահին նպատակ ունի ընդունվել մագիստրատուրա և բացել իր սեփական կանացի հագուստի ապրանքանիշը և տարածել հայրենի Ջավախքի մշակութային ժառանգությունը։ «Առաջին քայլերն արել եմ իմ դիպլոմային աշխատանքում, որտեղ անդրադարձել եմ ընտանեկան արժեքների փոխանցման կարևորության թեմային, որոնց վրա ազդում են մանկուց իմ հիշողություններն ու ապրումները, հայրենի հողում իմ տունը, ընտանիքը և հայ ժողովրդի մշակույթը և տոհմածառս»:
Թամարայի դիպլոմային աշխատանքի թեման կոչվում էր «Վրաստանի Ջավախքի շրջանի տեսողական պատկերներով ոգեշնչված կանացի հագուստի հավաքածուի մշակում», որտեղ նորաձևության և հագուստի միջոցով նա կարողացավ կիսվել իր պատմությունով: Թամարան ուզում է պահպանել այս փիլիսոփայությունը և այն վերածել իր անձնական ապրանքանիշի, որպեսզի ունենա իր սեփական հայեցակարգը։
Թամարան մանկուց շրջապատված է եղել ստեղծագործական մթնոլորտով, քանի որ պապիկը Նինոծմինդայում ճանաչված նկարիչ Վարդ Ղարսլյանն է։ Նա սովորեցրել է նկարել և ամենից կարևորը՝ սիրել ստեղծագործել ու նկարել։ Երբ Թամարան մեծացավ, սկսեց հետաքրքրվել նաև արվեստի պատմությամբ և նորաձևությամբ: Այդ ժամանակ հասկացավ, որ ցանկանում է ստեղծել մի բան, որը կպարունակի իր բոլոր հետաքրքրությունները և ընտրեց հագուստի դիզայնը։
«Պապիկիս շնորհիվ ես նկարեցի իմ առաջին նկարները, դպրոցի ուսուցիչներիս շնորհիվ ես սովորեցի սիրել իմ հայրենի մշակույթը, իսկ համալսարանի ուսուցիչներս սովորեցրին ինձ ճիշտ օգտագործել գիտելիքներս և ստեղծել իսկապես արժեքավոր ու հետաքրքիր գործեր»,-նշեց Թամարան՝ հավելելով, որ իր առաջին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքները դիզայնի ոլորտում եղել են երկու հագուստի հավաքածու, որոնք կոչվել են «Պանացեա» և «Փարվանայի ափին»։
«Պանացեա»
«Փարվանայի ափին»
Այս աշխատանքներում Թամարան համատեղել է համալսարանի ուսուցիչների տված գիտելիքները և իր տպավորություններն ու սերը հայրենի բնության հանդեպ, մասնավորապես՝ ծաղիկների նկատմամբ։
Թամարան հիմա շարունակում է հագուստի հավաքածուներ ստեղծել և հույս ունի շուտով ճանաչում ձեռք բերել։
Նինոծինդայի հետ կապը Թամարա Ղարսլյանը շատ ամուր է պահպանում, այստեղ է իր պապական տունը, ընտանիքը, հարազատներն ու ընկերները: Սակայն Մոսկվա է վերադարձել ուսումը ավարտելու համար։
Թամարան նշեց, որ ինչպես Սփյուռքում ապրող յուրաքանչյուր երիտասարդի մոտ, իր մոտ նույնպես դժվարություններ են առաջացել։ Երբ համալսարանի 4-րդ կուրսում էր սովորում, դժվարություններ է ունեցել, քանի որ ընտանիքից հեռու էր, շատ էր նրանց կարոտում ու այդ կարոտի զգացողությունը խանգարում էր Թամարային ստեղծագործել։ Նրան միշտ ոգեշնչում և մոտիվացնում էին ծնողները:
«Ահա թե ինչու ես այս դժվար քայլին գնացի։ Համալսարանում տարկետում ձևակերպեցի և մեկնեցի Ջավախք ծնողներիս մոտ։ Ես ամբողջ տարին անցկացրեցի ընտանիքիս հետ, բնության գրկում: Այս մթնոլորտն օգնեց ինձ հաղթահարել իմ դժվարությունները, քանի որ ավելի լավ ճանաչելով իմ հայրենիքը՝ ես ավելի լավ ճանաչեցի ինքս ինձ»։ Այս նոր ուժով և ոգեշնչմամբ Թամարան վերադարձավ ՌԴ, ավարտեց համալսարանը և հաջողությամբ աշխատանք գտավ։
Մեր հերոսուհին ցանկություն ունի բերել կամ ցուցադրել իր գործերը Ջավախքում, դրա համար նա շատ է աշխատում այս գաղափարի վրա։ Նա մանկուց երազել է պապիկի՝ Վարդ Ղարսլյանի պատվին ցուցահանդես կազմակերպել։ Թամարան ասաց, որ իր համար պատիվ կլինի, եթե նրա աշխատանքը նույն հետաքրքրությունն առաջացնի հասարակութան մեջ։
Երիտասարդներին Թամարան մաղթեց, որ չվախենան անհայտից: «Եթե դու շփոթված ես՝ դադար վերցրու մտածելու համար քո ապագա կյանքի մասին։ Եթե դու լավ ճանաչես քո ազգային մշակույթը և ընտանեկան պատմությունը, ավելի վստահ կդառնաս քո ապագան ընտրելու հարցում»: Անցնելով այս ճանապարհը՝ Թամարա Ղարսլյանը հասկացել է, որ Ջավախքը իր կյանքի ոգեշնչման և մոտիվացիայի ամենակարևոր աղբյուրներից մեկն է։