
Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին կմիանա նաև Ադրբեջանի էքկլավին՝ Նախիջևանին:
Վրաստանյան bpn.ge լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախագծի ղեկավար Օսման Բեշերեկն ասել է, որ արդեն իրագործման փուլում է գտնվում Թուրքիայի Կարսի, Իգդիրի և Ադրբեջանի Նախիջևանի միջև երկաթուղային նախագիծը, որն ապագայում ինտեգրվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղուն:
Նրա խոսքով, Նախիջևան-Իգդիր երթուղին կնվազեցնի Կարս ճանապարհորդության ժամանակը մինչև 85 րոպե, իսկ ԲԹԿ-ի հետ ինտեգրումը կնպաստի Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը և նոր հեռանկարներ կստեղծի միջազգային բեռնափոխադրումների համար:
Ի վերջո, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ուղևորափոխադրումների ժամանակը 18-ից կկրճատվի մինչև 12 օր։
Ծրագրի շրջանակներում Թուրքիայում 5 նոր երկաթուղային կայան կկառուցվի՝ Դիգորում, Թուզլուջայում, Իգդիրում, Արալիկայում և Դիլուջուում։ Ներկայումս Իգդիրում աշխատանքների հիմնական մասն է ընթանում։
Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղային գծի երկարությունը կկազմի մոտավորապես 224 կմ։ Իգդիրում արդեն կառուցվում է առաջին շինարարական բազան, որից հետո կսկսվի երկաթուղու շինարարությունը։ Երկուղային երկաթուղային երթուղին ամբողջությամբ էլեկտրիֆիկացված և կահավորված կլինի ազդանշանային համակարգով: Նախագիծը նախատեսվում է ավարտել 5 տարում։
Բեշերեկի խոսքով, «Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծը «Զանգեզուրի միջանցք»-ի մի մասն է և ոչ միայն Թուրքիան կապելու է Ադրբեջանի հետ, այլև դառնալու է համաշխարհային տրանսպորտային և առևտրային ուղիների հիմնական զարկերակներից մեկը»։
Գործարկվելուց հետո գնացքները երկաթուղային գծով կընթանան մինչև 160 կմ/ժ արագությամբ: