
Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ 2024 թվականին Սամցխե-Ջավախքից 1780 ընտանիք մասնակցել է սոցիալապես անապահով մարդկանց զբաղվածության խթանման ծրագրին։ Աշխատողներին ամսական վճարվել է 300 լարի։ Ծրագրին միանալով՝ երաշխավորվում է չորս տարի պահպանել իրենց սոցիալապես անապահով կարգավիճակը։
Ի գիտություն, նշված ծրագրով աշխատողների ճնշող մեծամասնությունը հիմնականում զբաղված է միայն տեղական կամ պետական բյուջեից կախված ՏԻՄ-ներում և «Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ»-ներում։
Ըստ վիճակագրական տվյալների՝ հանրային զբաղվածության խթանման ծրագրում ընդգրկված ընտանիքների բաշխվածությունն ըստ քաղաքապետարանների հետևյալն է.
Ախալցիխեի մունիցիպլիտետ – 404 ընտանիք;
Ադիգենեի մունիցիպլիտետ՝ 365 ընտանիք;
Ասպինձայի մունիցիպլիտետ՝ 352 ընտանիք;
Նինոծմինդայի մունիցիպլիտետ՝ 274 ընտանիք;
Բորջոմիի մունիցիպլիտետ՝ 227 ընտանիք;
Ախալքալաքի մունիցիպլիտետ՝ 158 ընտանիք։
Տեղեկացնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի մարտի 1-ից, և դրա շրջանակներում կենսապահովման նպաստ ստացող քաղաքացիները հնարավորություն ունեն կատարել տարբեր աշխատանքներ պետական կառույցներում։ Շահառուները 18 և ավելի բարձր տարիքի աշխատունակ անձինք են:
Ծրագրի մեկնարկից կարճ ժամանակ անց «Հարավային դարպաս»-ը զրուցել է մարզի տարբեր շրջաններում բնակվող սոցիալապես անապահով մարդկանց հետ։ Նրանց մի զգալի մասն ասաց, որ նախընտրում է տնային գործերով զբաղվել, քան ցածր վարձատրվող աշխատանքով։ Նրանք նշեցին նաև, որ իրենց գյուղերում հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով իրենց ստացած 300 լարիի փոխհատուցումը հազիվ է ծածկում տրանսպորտային ծախսերը։
Զբաղվածության ծրագրում ընդգրկվելու համար շահառուները կարող են դիմել պետական գործակալության սպասարկման կենտրոններ սոցիալական ծառայությունների կամ զբաղվածության խթանման համար։
Եթե սոցիալապես անապահով անձը չի ցանկանում աշխատանքի ընդունվել, նրա սոցիալ-տնտեսական վիճակը կորոշվի տարեկան ստուգման արդյունքներով։ Սակայն որոշումը կարող է փոփոխվել ցանկացած պահի։
Ծրագրին միանալ ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել նախարարության թեժ գծին՝ 15 05։