Համով հոտով «բամբասանք»․ Մոդել-խոհարար Ռիտա Սարկիսյանի պատմությունը

Համով հոտով «բամբասանք»․ Մոդել-խոհարար Ռիտա Սարկիսյանի պատմությունը

Հարազատ մարդկանց շնորհիվ՝ հաղթահարելով դժվարությունները, այսօր Ռիտան ունի մեծ լսարան։ Նա երբեք չի սիրել բամբասել, բայց հիմա հատուկ կերպով դա ներկայացնում է հումորով իր լսարանին։

Թերեզա-Ռիտա Սարկիսյանը ծնվել է 1991 թվականին Ախալցիխեի շրջանի Սխվիլիսի գյուղում։ Երբ ինը տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ Մեծացել է և կրթություն ստացել ՌԴ-ում։

Ռիտան NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ հայաբնակ փոքրիկ գյուղից մեծ քաղաք տեղափոխվելու ճանապարհը մեծապես ձևավորել է բնավորությունն ու կյանքի նկատմամբ հայացքները։

Ռիտան աշխատում է գրասենյակային միջավայրում, ինչպես նշում է մեր հերոսուհին՝ ստեղծագործական միտքը միշտ եղել է իր կյանքի կարևոր մասը: Մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում, հետագայում սովորել է որպես լուսանկարիչ և դիմահարդար, իսկ այժմ, Ռիտա Սարկիսյանը բացի հիմնական աշխատանքից, համագործակցում է տարբեր ապրանքանիշերի հետ՝ որպես մոդել։

«Ինձ միշտ դուր է եկել կերպարի, գեղագիտության և մթնոլորտի միջոցով արտահայտվելը, զգացմունքները փոխանցել ոչ միայն բառերով, այլև տեսողական»,-ասում է Ռիտան։

Ռիտա Սարկիսյանի ճանապարհը դեպի բլոգեր սկսվել է խոհարարությունից: Մայրը, ով խոհարար է, մանկուց սովորեցրել է պատրաստել տարբեր ուտեստներ: Ռիտան ինքն իրեն պրոֆեսիոնալ խոհարար չի համարում, բայց նպատակը այն է, որ տեսանյութի միջոցով փոխանցի ոչ միայն բաղադրատոմսերը, այլ նաև մթնոլորտը՝ ընտանեկան ավանդույթների ջերմությունը, մանկության համը և հարազատ տան հարմարավետությունը:

Սարկիսյանը նշում է, որ իր բլոգում ցուցադրում է այն ուտեստները, որոնցով մեծացել է, և դրանք մատուցում է գեղագիտական տեսքով, որպեսզի մարդիկ, նայելով դրանց, հիշեն իրենց տատիկների պատրաստած կարկանդակները կամ իրենց հայրենի գյուղի համը։ Բլոգերի համար կարևոր է ոչ միայն ուտեստները պատրաստելը, այլ նաև համապատասխան տրամադրություն ստեղծելը, որպեսզի լսարանը խորասուզվի հիշողությունների մեջ և զգա կարոտը:

Մեր հերոսուհու սիրելի ուտեստը թաթար բորակին է։ Պատմում է, որ դա ոչ միայն ուտելիք է, այլ նաև անցյալի մի ամբողջ մասը: Մանկուց հիշում է, թե ինչպես տատիկը միշտ պատրաստում էր այդ ուտեստը՝ իմանալով, թե որքան է սիրում այդ համը։ Ամեն անգամ, երբ Ռիտան գալիս է Վրաստան, տատիկը հատուկ իր համար է պատրաստում թաթար բորակի, և այն դարձել է տատիկի սիրո և հոգատարության խորհրդանիշը։

Ռիտայի բլոգը ոչ միայն բաղադրատոմսերի, այլև ջերմ ու հոգատար մթնոլորտի միջոցով մի քանի սերունդների հիշողություններ է կենդանացնում՝ դարձնելով այն մի փոքրիկ փախուստ անցյալի և հարազատի հետ կապի մեջ։

Ռիտայի պատրաստած առաջին ուտեստը տապակած կարտոֆիլն է եղել: Մոտ ութ տարեկան էր, երբ ծնողները մեկնել էին Մոսկվա, նա մնում էր պապիկի հսկողության տակ։ «Պապիկս գովեց ինձ այնպես, կարծես դա լավագույն կարտոֆիլն էր, որ երբևէ համտեսել է իր կյանքում»: Նույն ժամանակահատվածում Ռիտան ընկերների համար տանը երեկույթներ էր կազմակերպում և նրանց հյուրասիրում իր պատրաստած «խորոզ կոնֆետը»՝ մանկական խոհարարական գլուխգործոց։

Ռիտա Սարկիսյանի կյանքում շատ են եղել դժվար ժամանակներ, բայց միշտ հաղթահարել է այդ դժվարությունները, քանի որ կողքին են եղել իրեն հարազատ մարդիկ․ «Ծնողներս, ընտանիքս, մտերիմ ընկերներս այն մարդիկ են, ովքեր աջակցեցին ինձ, հավատացին ինձ և ուժ տվեցին շարունակելու»։

Մտերիմների հոգատարությունը, սերը և ուղղակի ջերմ խոսքերը Ռիտային հիշեցնում են, որ ամեն ինչ կարելի է հաղթահարել։ Հենց հարազատների շնորհիվ սովորեց տեսնել լույսը նույնիսկ ամենադժվար պահերին և գնահատել պարզ, բայց կարևոր անկեղծությունը, ջերմությունը և իսկական մտերմությունը:

Չնայած նրան, որ Ռիտան հեռու է ապրում, բայց կապը հայրենիքի հետ միշտ պահում է։ Փորձում է տարին գոնե երկու անգամ գալ հայրենի գյուղ, որովհետև հայրենի գյուղը սիրում է ամբողջ սրտով և չի կարող պատկերացնել իր կյանքը առանց այս վայրի։ «Դա իմ մի մասն է, իմ հիշողությունները, իմ արմատները»։ Կարևոր է պահպանել այս կապը, վերադառնալ, տեսնել հայրենի բնապատկերները, հանդիպել սիրելիների հետ, զգալ հենց այդ հարմարավետությունն ու ջերմությունը, որն անհնար է մոռանալ։

Ռիտա Սարկիսյանը շատ երկար ժամանակ վարել է էսթետիկ բլոգ, բայց վերջերս սկսել է հատուկ նկարել իր բարբառով։ «Հիշում եմ, մի անգամ հասարակական վայրում սկսեցի խոսել իմ բարբառով, և ինձ ասացին, որ դա «մաքուր հայերեն չէ» և ես շատ վիրավորվեցի, ընկճվում էի նույնիսկ խոսել»։ Բայց հետո Ռիտան հասկացավ՝ հակառակը, որ ուզում է ցույց տալ ամբողջ աշխարհին, իր բարբառի գեղեցկությունը։ Որտեղ էլ որ լինենք, մենք բոլորս հայ ենք, և մեր լեզուն՝ մեր մասն է,-նշում է նա։

Ռիտայի համար «բամբասանքի» թեման՝ ամբողջովին առանձին պատմություն է։ Փոքր ժամանակ ապրում էր գյուղում և ամեն առավոտ նկատում էր, թե ինչպես են տատիկը ու ընկերուհիները հավաքվում, քննարկում բոլորին ու ամեն ինչ։ Դա միաժամանակ ծիծաղեցրել ու զայրացրել էր Ռիտային։ Երբեք չի սիրել բամբասել, բայց հիմա հատուկ կերպով տեսանյութերը նկարում է իր բարբառով, որպեսզի մարդիկ կարողանան ծիծաղել, տեսնել իրենց ու հասկանալ, թե որքան զվարճալի է դա։

«Իսկ իմ լսարանը լավագույնն է, նրանք զգում են այդ մթնոլորտը, ծիծաղում են միասին ինձ հետ ու դարձնում են մեր աշխարհը ավելի լավը»,-ավարտեց խոսքը Ռիտա Սարկիսյանը։