Ինչպես սերը, այնպես էլ շախմատը տարիք չի հարցնում․ Սարգիս Հայրապետյան

Ինչպես սերը, այնպես էլ շախմատը տարիք չի հարցնում․ Սարգիս Հայրապետյան

«Հին դժվարությունները հաղթահարելով ես սպասում եմ նորերին։ Շախմատով զբաղվելիս մարդիկ ստանում են նոր ունակություններ, որոնք կարող են լինել կյանքի դժվարությունների դեմ դեղահաբ»,- նշում է Սարգիս Հայրապետյանը։

Սարգիս Հայրապետյանը ծնունդով Ջավախքից է։ Նա ծնվել է 2002 թվականին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում և ապրել է Փոկա գյուղում՝ պապական տանը։ Դպրոցական կրթությունը շարունակելու նպատակով 2010 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Ավարտելով դպրոցը՝ ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի շախմատի բաժինը։ Այժմ նա 4-րդ կուրսի ուսանող է։

Սարգիսի կապը ծննդավայրի հետ մեծ է, գրեթե ամեն տարի գալիս է Ջավախք տարբեր պատճառներով։ Ջավախքից աշակերտներ դեռ չունի, բայց նա կարծում է, որ դեռ կունենա։ Ինչպես մեզ հայտնեց Սարգիսը, մտքեր կան Ջավախքում հիմնել շախմատի մարզադպրոց․ «Կարծում եմ ինչպես մնացած սպորտաձևերը, շախմատն էլ բավականին մեծ ճանաչում և հարգանք կվայելի մեր Ջավախք աշխարհում»,-ասում է երիտասարդ մարզիչը։

Սարգիսը NOR-ին հայտնում է, որ մարզչական աշխատանքով զբաղվում է արդեն 4 տարի։ Նա այժմ աշխատում է Երևանի Ռաֆայել Վահանյանի շախմատի մարզադպրոցում, ինչպես նաև Տաթև դպրոցում։ Սարգիսը ունի սեփական խմբակներ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Վերջին ձեռքբերումներից մեկը ՀՀ Շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված թիմային մրցաշարն է, որտեղ ՀՇԱ-ի Սարգիսենց թիմը զբաղեցրել է 1-ին տեղը։

«Մարզչական հաջողություններ գրանցել եմ տարբեր տարիքայինների Արագածոտնի մարզի չեմպիոններ կարգային շախմատիստներ ՀՀ առաջնության մասնակիցների միջև։ Այս պահին ունեմ 50-70 պրոֆեսիոնալ մարզվող աշակերտներ և՛ Աշտարակում, և՛ Երևանում»,- ասում է Սարգիս Հայրապետյանը։

Երիտասարդը շախմատը ընտրել է հենց իր որոշմամբ, իսկ ծնողները տեղյակ չեն եղել, որ նա մարզվում էր և հաճախում խմբակ, մինչև որ առաջին անգամ մասնակցելու էր մրցաշարի։

Շախմատիստի խոսքով՝ շախմատը միակ խաղն է, որից չի հոգնում։ Իսկ եթե երբեմն զգում է հոգնածություն շախմատից, դա տեղի է ունենում կամ ծանր վերլուծության պատճառով, կամ այն պատճառով, որ օրը չի հաջողվում։ Բայց հաջորդ օրը արթնանում է նոր և ավելի ուժեղ մոտիվացիայով։

Լուսանկարում Սարգիսի թիկունքում Շանթ Սարգսյանն է, Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոնը:

«Շախմատով կարելի է զբաղվել 5 տարեկանից, սա որպես մարզիչ եմ ասում, և երևի միակ սպորտն է, որ տարիքային սահմանափակում չունի»,- նշում է Սարգիսը՝ հավելելով, որ ունեցել է 63 տարեկան կին աշակերտ, ով ուզում էր պարզապես լավացնել իր շախմատային կարողությունները և տրամաբանությունը։ «Դրա համար ինչպես սերը, այնպես էլ շախմատը տարիք չի հարցնում»,- ասում է մարզիչը։

Սարգիսը մեզ պատմում է, որ շախմատով զբաղվելիս մարդիկ ստանում են մեծ ու կյանքի համար նպաստավոր ունակություններ, որոնք հետո կարող են լինել կյանքի դժվարությունների դեմ դեղահաբ։

Այս լուսանկարում էլ Սարգիսը Գրոսմայստերների և այս տարվա ՀՀ չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանի հետ է։

Երիտասարդ շախմատիստը կարծում է, որ դժվարություններ միշտ կլինեն բոլորի կյանքում։ Նա վստահ է, որ առանց դժվարության կյանքը մի փոքր անհետաքրքիր կլինի, և որպես շախմատիստ սիրում է բարդ դիրքերում խորը վերլուծություններ անել։ «Իսկ իմ կյանքի դժվարություններից առանձնացրած չունեմ. բոլորը հաղթահարված են և սպասում եմ նորերին»,- ասում է Սարգիս Հայրապետյանը։

Սարգիսն ունի շախմատային կարգախոս, որոնցով սփոփում և առաջնորդում է իր սաներին։ «Շախմատում կամ հաղթում են կամ սովորում»,-եթե չես հաղթել պարտիայում, ուրեմն սովորելու տեղ կա։

Իսկ կյանքի համար առանձնացնում է ոսկե կանոնը, որը պակասում է մարդկության մեջ՝ բարի գործը քչացել է։