Գիտնականներն առաջարկել են դեպրեսիան բուժել ծիծաղաբեր գազով. NatCom

Գիտնականներն առաջարկել են դեպրեսիան բուժել ծիծաղաբեր գազով. NatCom

Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ազոտի ենթօքսիդը կամ ծիծաղաբեր գազը, որն օգտագործվում է որպես անզգայացնող միջոց, կարող է արագ բարելավել տրամադրությունը և ակտիվացնել ուղեղի կենտրոնները, որոնք արգելակվում են դեպրեսիայի պատճառով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications (NatCom) բժշկագիտական  հանդեսում:

Ըստ գիտնականների՝ դեպրեսիա ունեցող յուրաքանչյուր երրորդ բուժառու չի արձագանքում ստանդարտ բուժմանը: Այդ բացը լրացնելու համար գիտնականները սկսել են ուսումնասիրել արագ գործող այլընտրանքները, որոնք տարբեր կերպ են ազդում ուղեղի վրա, քան դասական հակադեպրեսանտները:

Ոգեշնչված կետամինի (ոչ ինհալացիոն անզգայացնող միջոց) օգտագործման արդյունքներից՝ հետազոտողներն իրենց ուշադրությունն ուղղել են մեկ այլ անզգայացնող միջոցի՝ ազոտի ենթօքսիդի վրա:

Գիտնականները փորձի ժամանակ մկներին մտցրել են դեպրեսիվ վիճակի մեջ՝ խրոնիկական սթրեսից հետո։ Դրանից հետո կրծողները ենթարկվել են ածխաթթու գազի ազդեցությանը։ Հետազոտողներն այնուհետև վերլուծել են կրծողների գլխուղեղի գալարների (gyrus cinguli) փոփոխությունները՝ ուղեղի մի հատված, որը կապված է հուզական կարգավորման և տրամադրության հետ:

Գիտնականները կենտրոնացել են նեյրոնների հատուկ խմբի վրա, որոնք հայտնի են որպես հինգերորդ շերտի (L5) բրգաձև նեյրոններ: Սթրեսային դեպրեսիայով մարդկանց L5-ի ակտիվությունը զգալիորեն նվազում է: Արդյունքները ցույց են տվել, որ ազոտի ենթօքսիդն արագ և ընտրողաբար «արթնացրել» է L5 նեյրոնները մկների մոտ, նույնիսկ երբ գազը մաքրվել է կենդանիների օրգանիզմից:

Այն ներշնչելուց հետո ընկճված մկները գրեթե անմիջապես աշխուժացել են և սկսել զբաղվել հաճելի գործերով, օրինակ՝ քաղցր ջուր խմել:

«Այս «ապաարգելակման» ազդեցությունն, ըստ երևույթին, գազի հակադեպրեսանտ ազդեցության հիմնական պատճառն է: Այն օգնում է ակտիվացնել ներվաբջիջների կապերը, որոնք թուլացել են սթրեսի և դեպրեսիայի պատճառով, առանց նորերի ձևավորման անհրաժեշտության»,-ասում է անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր Փիթեր Նագելը:

Գիտնականների կարծիքով՝ ծիծաղաբեր գազերի նմանատիպ ազդեցությունները կարող են առաջանալ նաև մարդկանց օրգանզիմում: Սակայն այդ վարկածը հաստատելու և ազոտի ենթօքսիդի արդյունավետ թերապևտիկ դեղաչափը բացահայտելու համար լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում: