
Վրաստանյան հասարակական կազմակերպությունները (ՀԿ) օտարերկրյա դրամաշնորհ (գրանտ) կարող են ընդունել կառավարության կամ կառավարության կողմից նշանակված լիազորված անձի հաստատմամբ. առանց հաստատման տրված դրամաշնորհի ընդունումն արգելվելու է, խախտողը պատասխանատվություն է կրելու: Այս տեղեկությունը հաղորդել է interpressnews.ge-ն։
«Վրացական երազանք»-ը փոփոխություններ է ներկայացրել «Դրամաշնորհների մասին» օրենքում։ Օրենքի նախագիծը կդիտարկվի և կընդունվի արագացված կարգով։
Նախագծի համաձայն՝ 10-օրյա ժամկետ կսահմանվի, որպեսզի կառավարությունը հայտարարի դրամաշնորհ տրամադրելու իր համաձայնության մասին։
Նույն նախագծով Հակակոռուպցիոն բյուրոն վերահսկելու է արգելված դրամաշնորհների տրամադրումն ու ստացումը։ Արգելված դրամաշնորհ ստանալու դեպքում դրամաշնորհառուն կտուգանվի նշված դրամաշնորհի կրկնակիի չափով:
Օրենքի նախագիծը սահմանում է նաև բացառություններ. մասնավորապես, կառավարության պարտադիր համաձայնությունը չի տարածվում միջազգային սպորտային ասոցիացիաների, ֆեդերացիաների և կոմիտեների կողմից դրամաշնորհներ տրամադրելու, Վրաստանի սահմաններից դուրս միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու և գիտական աշխատանքի համար տրվող անհատական կրթաթոշակների, նաև Վրաստանում գործող միջազգային կազմակերպությունների կողմից դրամաշնորհներ ստանալու վրա։