
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` «Վրացական երազանք»-ի բռնաճնշումներից տուժել է մինչև 700 պետական պաշտոնյա։
Նրանք պատճառաբանում են, թե աշխատակիցներին աշխատանքից ազատելու պատճառը հիմնականում վերակազմակերպումն է կամ պայմանագրի ժամկետի լրանալը, իսկ ահա աշխատանքից ազատվողները կարծում են, որ իրենց ազատել են, քանի որ իրենք բողոքի հայտարարություններ են ստորագրել եվրաինտեգրման կասեցման վերաբերյալ կամ բացահայտ արտահայտել են իրենց քննադատական դիրքորոշումը «Վրացական երազանք»-ի քաղաքականության նկատմամբ։
«Երկրում տիրող բողոքի ալիքը ճնշելը «Վրացական երազանք»-ի գործունեության հիմնական ուղղություններից է։ Այդ նպատակով «Վրացական երազանք»-ն ընդունեց ռեպրեսիաներին նպաստող օրենքներ և զուգահեռաբար սկսեց աշխատանքից ազատել պետական ծառայողներին, որոնք հրապարակայնորեն բողոքում էին երկրի եվրոպական ուղուց շեղվելու դեմ։ Բռնաճնշումներից տուժել է տասնյակ հասարակական հաստատություններում աշխատող շուրջ 700 աշխատակից»,- ասված է հայտարարությունում։
TI-ն նաև մատնանշել է «Հանրային ծառայության մասին» օրենքում հանրային ծառայողների իրավական պաշտպանության երաշխիքների վերացման վտանգները։