
Ռուսաստանում կարտոֆիլի գների սրընթաց աճը, որը նկատվում էր անցյալ տարի, էլ ավելի է արագացել։
Այս մասին NEWS.ru-ն հայտնում է AB-Center վերլուծական տվյալների հիման վրա։
Մասնավորապես, ապրիլի սկզբին մեծածախ գները, որոնցով ռուս արտադրողները կարտոֆիլ են վաճառում մանրածախ ցանցերին, նախորդ տարվա համեմատ աճել են 285,5%-ով՝ 11,4 ռուբլուց հասնելով 42,4 ռուբլու (0,13-ից մինչև 0,51 դոլար) մեկ կիլոգրամի դիմաց (առանց ԱԱՀ-ի):
Արդյունքում ռուսական կարտոֆիլը գրեթե երեք անգամ թանկացել է համաշխարհային միջինից, որը կազմում է 1 կիլոգրամը 17 եվրոցենտ կամ 15,9 ռուբլի։
Մեծածախ գներից հետո սրընթաց աճում են նաև մանրածախ գները։ Մասնավորապես, ըստ Ռոսստատի տվյալների, անցած տարեվերջին խանութներում կարտոֆիլի գինն աճել է 92%-ով՝ այն դարձնելով առաջատարը գնաճային թոփ ապրանքների շարքում։
AB-Center-ի հաշվարկներով՝ կարտոֆիլի գների տարեկան աճը այս տարվա մարտ ամսին հասել է 140%-ի։
Ռուսաստանում «կարտոֆիլի գնաճը» արագանում է ցրտահարության և երաշտի հետևանքով բերքի կտրուկ անկմամբ։ Օրինակ՝ անցած տարի ֆերմերները հավաքել են 7,3 մլն տոննա կարտոֆիլ, ինչը 1,2 մլն տոննայով պակաս է 2023թ.-ից։
Կարտոֆիլի դեֆիցիտի վտանգի պատճառով կառավարությունը հունվարից բացել է «բարեկամ երկրներից» անմաքս ներմուծումը, մինչդեռ Պետդումայի փոխնախագահ Բորիս Չերնիշովը կոչ է անում ժամանակավորապես ներմուծել կարտոֆիլի մանրածախ գների պետական կարգավորումը։