Սպիտակ տանը վստահ են, որ Covid-19-ն արհեստական ծագում ունի

Սպիտակ տանը վստահ են, որ Covid-19-ն արհեստական ծագում ունի

PanARMENIAN.Net – Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է Սպիտակ տան պաշտոնական կայքի նոր էջը, որը պաշտպանում է SARS-CoV-2 կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը։ Էջում նշվում է, որ վիրուսը ունի «բնականում չհայտնաբերված կենսաբանական հատկություններ», և բոլոր վարակվածները «վարակվել են մեկ անգամյա շփումից, ի տարբերություն նախորդ համաճարակների, երբ հիվանդանալու համար պահանջվել են բազմաթիվ մուտքեր օրգանիզմ (պաթոգենի. – Խմբ.)»:​

Նշվում է նաև, որ Ուհանի լաբորատորիան Չինաստանում առաջատար է SARS վիրուսների ուսումնասիրության ոլորտում, որտեղ իրականացվել են վիրուսի գենոմի խմբագրման և նրա հատկությունների փոփոխման փորձեր՝ «անբավարար կենսաբանական անվտանգության մակարդակի» պայմաններում։ ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի որոշ աշխատակիցների մոտ Covid-19-ին նման ախտանիշներ են հայտնվել դեռևս 2019 թվականի աշնանը՝ SARS-CoV-2-ի Ուհանի շուկայում հայտնվելուց մի քանի ամիս առաջ, գրում է Deutsche Welle-ն։

Էջում նաև նշվում է. «Բոլոր գիտական չափանիշներով, եթե գոյություն ունենար բնական ծագման ապացույցներ (SARS-CoV-2 վիրուսի. – Խմբ.), դրանք արդեն կհրապարակվեին։ Բայց դրանք չկան»:

Սպիտակ տան նույն էջում կոշտ քննադատություն է հնչեցվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հասցեին։ Նշվում է, որ ԱՀԿ-ն «ենթարկվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության ճնշմանը և ՉԺՀ-ի քաղաքական շահերը գերադասել է իր միջազգային պարտականություններից»: Թրամփի վարչակազմը նաև պնդում է, որ Էնթոնի Ֆաուչին՝ Ջո Բայդենի նախկին բժշկական խորհրդականը, փորձել է վարկաբեկել SARS-CoV-2 վիրուսի լաբորատոր ծագման վարկածը և նպաստել հակադիր՝ բնական ծագման տեսակետին։

Ըստ Süddeutsche Zeitung և Zeit թերթերի՝ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) դեռ 2020 թվականին եզրակացրել է, որ SARS-CoV-2 վիրուսը «հնարավոր է՝ 80-95 տոկոսի հավանականությամբ» արտահոսել է Ուհանի լաբորատորիայից։ Ըստ աղբյուրների՝ BND-ի ղեկավար Բրունո Կալը անձամբ տեղեկացրել է այդ մասին Անգելա Մերկելին, սակայն կանցլերի գրասենյակը որոշել է տեղեկատվությունը չհրապարակել։

2021 թվականի դեկտեմբերին կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո Օլաֆ Շոլցին նույնպես ներկայացվել են այդ տվյալները։ Սակայն միայն 2024 թվականի վերջում Գերմանիայի կառավարությունը հանձնարարել է անկախ փորձագետներին՝ ուսումնասիրել BND-ի եզրակացությունները։ Հետազոտության արդյունքները դեռ հայտնի չեն։

Չինաստանի իշխանություններն արձագանքել են հրապարակումներին՝ կոչ անելով զսպվածություն պահպանել։ Պեկինը հայտարարել է, որ գիտական հարցերը պետք է քննարկվեն մասնագետների կողմից և հղում է արել ԱՀԿ-ի փորձագետների այցին Ուհան, որոնց կարծիքով վիրուսի լաբորատոր արտահոսքը «ծայրահեղ անհավանական» է։

Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն արդեն չորս տարի ընդգծում է, որ SARS-CoV-2 վիրուսի ծագման բոլոր վարկածները մնում են ուժի մեջ։ Կազմակերպությունը նշել է, որ Ուհանի մասնագետների այցը հետաքննության ընդամենը սկիզբն էր։ 2024 թվականի դեկտեմբերին ԱՀԿ-ն կրկին հորդորել է Չինաստանին՝ «ներկայացնել բոլոր տվյալները, որպեսզի մենք կարողանանք հասկանալ Covid-19-ի ակունքները», դա որակելով որպես բարոյական և գիտական պարտք։

Panarmenian.net