
Այսօր՝ ապրիլի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները, տարբեր հիմնարկների աշխատակիցները և շրջանի ղեկավարությունը Նինոծմինդայի Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 1,500,000 անմեղ զոհերի հիշատակին։
Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ անմեղ զոհերի հիշատակին, որից հետո քաղաքացիները շարժվեցին դեպի Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի բակ՝ ծաղիկներ խոնարհելու հուշակոթողի մոտ։
Նշենք, որ վաղ առավոտից քաղաքացիները մշակույթի կենտրոնի բակում իրենց հարգանքի տուրքն են մատուցում։
Հուշակոթողի մոտից մարդկանց բազմությունը մուտք գործեց մշակույթի կենտրոն։ Մշակույթի կենտրոնի բեմում, տեղի ունեցավ միջոցառում, որը բաղկացած էր հուզումնալից բեմադրությունով, թեմատիկ երգերով և ասմունքով։ Մասնակիցներն էին մշակույթի կենտրոնի ժողովրդական թատրոնի դերասանները, թիվ 1 հանրային դպրոցի աշակերտուհիները և «Սայաթ Նովա» աշուղական երգի անսամբլի սաները։ Հատկապես հուզիչ էր բեմադրությունը որտեղ ներկայացված էր հայի ցավը, պայքարն ու պահանջը։
Նշենք որ, ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայերը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը։ Այսօր՝ վաղ առավոտից համայն հայությունը այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իսկ երեկ երեկոյան տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը:
110 տարի առաջ այս օրը՝ 1915թ․ ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսված հայ մտավորականների՝ գրողների ու բանաստեղծների, երաժիշտների ու բժիշկների, ճարտարապետների ու պատգամավորների ձերբակալություններով, հետագայում նաեւ սպանդով սկիզբ առավ կայսրության հայ հպատակների բնաջնջումը։ 1908թ․-ին սուլթան Աբդուլ Համիդին գահընկեց արած, բայց նրա արյունոտ ծրագիրը 1909-ին՝ Ադանայի 30 հազար հայերի կոտորածով շարունակած երիտուրքական կուսակցության պարագլուխները դեռես 1911 թվականին էին Սալոնիկի գաղտնի ժողովում ծրագրել կայսրության տարածքում հայկական տարրի վերացումը։