2025 թվականին Վրաստանի բնակչությունն աճել է գրեթե 10 հազարով

2025 թվականին Վրաստանի բնակչությունն աճել է գրեթե 10 հազարով

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3,704.5 հազար մարդ, ինչը 9.9 հազարով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Հատկանշական է, որ 2024 թվականին գրանցվել է բացասական բնական աճ (-4,488) և դրական միգրացիոն մնացորդ (14,386):

Վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 61.5 տոկոսը բնակվում է քաղաքային բնակավայրերում։ Բացի այդ, Թբիլիսիի բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության մեկ երրորդից ավելին։

2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ 0-14 տարեկան բնակչության մասնաբաժինը ընդհանուր բնակչության մեջ կազմում է 19.2 տոկոս, աշխատանքային տարիքի բնակչության (15-64 տարիքային խումբ) մասնաբաժինը` 64.2 տոկոս, իսկ 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը` 16.6 տոկոս։

2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ տղամարդկանց թիվը կազմել է 1,780.6 հազար, իսկ կանանցը՝ 1,923.9 հազար։ Բացի այդ, Վրաստանի բնակչության 48 տոկոսը տղամարդիկ են, իսկ 52 տոկոսը՝ կանայք։

Գերատեսչության զեկույցի համաձայն՝ սեռերի հարաբերակցությունը 93 է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 100 կնոջ վրա գալիս է 93 տղամարդ։ Հատկանշական է, որ մինչև 40 տարեկանը տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին, մինչդեռ 40 տարեկանից սկսած տեսնում ենք հակառակ պատկերը, որը պայմանավորված է կանանց՝ տղամարդկանց համեմատ ավելի բարձր կյանքի տևողությամբ։