
Այսօր՝ մայիսի 1-ին, հանդիպեցին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 1990-1991 ուստարվա շրջանավարտները։
Հանդիպումը տեղի ունեցավ Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում։ Նախկին շրջանավարտներից ոմանք եկել էին տարբեր երկրներից, հաղթահարելով հազարավոր կիլոմետրեր, աշխատանքային գրաֆիկներ և առօրյա հոգսեր որպեսզի կրկին տեսնեն միմյանց և հիշեն անցած օրերն ու տարիները։ Հանդիպմանն էին միացել նաև շրջանավարտների աշխարհագրության և գերմաներենի ուսուցիչները, իսկ դասղեկը հարգելի պատճառներով բացակայում էր։
Հանդիպման կազմակերպիչը Էլոյան Հեղուշն է` դասարանի ավագը, ով համացանցում կարողացել է միավորել բոլորին.
«Լինելով դասարանի ավագը, այդ հանձնարարությունը վերցրեցի իմ վրա և ստեղծեցի 2023թ. մեր դասարանի խումբը և շատերի համար անակնկալ էր, որովհետև տարբեր տեղերից հավաքել եմ բոլոր դասընկերներիս, նույնիսկ Գերմանիայում ունենք դասընկեր»։
Բոլորի մոտ արթնացել էին հույզերը, երբ նրանք մտան դասարան և սկսեցին հիշել ու կիսվել հիշողություններով, գեղեցիկ պահերով։
«Մեզանից բացականեր կան` Սարգսյան Արմինեն և Պողոսյան Արարատը»․- մեծ ցավով հիշում է Լոքյան Մարգարիտան։
«Մենք այսօր նաև այցելեցինք մեր վաղամեռիկ դասընկերներին, մեր ուսուցիչներից շատերին, որոնք որ արդեն այս կյանքին հրաժեշտ են տվել և մենք իրենց հիշատակը վառ պահելու համար այցելեցինք նրանց հանգստավայր»․- ասում է Եսոյան Երեմը։
Ավագ սերունդի սրտում ու մտքում ամենաշատը երախտիքի խոսքեր են ուսուցիչների հանդեպ, ասում են, որ շնորհակալ են իրենց կրթելու և գիտելիք փոխանցելու համար։