
Նինոծմինդայի հիվանդանոցում փոփոխություններ են տեղի ունենում։ Հիվանդանոցի տնօրեն է նշանակվել Արմեն Զալալյանը, ով ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի բուժհիմնարկների կառավարման ոլորտում։ Զալալյանը նախկինում ևս ղեկավարել է Նինոծմինդայի կլինիկան, սակայն մի քանի տարի շարունակ աշխատել է այլ պատասխանատու պաշտոններում։
Այսօր NOR ռադիոկայանը հարցազրույց ունեցավ Արմեն Զալալյանի հետ՝ պարզելու հիվանդանոցի հետագա աշխատանքի ձևաչափը։
Ստորև հարցերը և Արմեն Զալալյանի պատասխանները
Կատարվե՞լ են նոր կադրերի թարմացում, թե ոչ
— Ի ուրախություն մեզ, այժմ ունենք նոր և որակյալ կադրեր՝ Թբիլիսիում վերապատրաստված ու հավաստագրված։ Բավականին գրագետ և խելացի մասնագետներ են և առաջիկայում նոր կադրեր ևս ներգրավվելու են։ Մինչև մայիսի վերջ նախատեսում ենք մի շարք փոփոխություններ հիվանդանոցում։
Նորանշանակ տնօրենը նաև ընդգծեց, որ ակտիվ բանակցություններ են ընթանում Թբիլիսիի բժիշկների հետ՝ հիվանդանոցում տարբեր մասնագիտացումների ուղղությամբ նոր ծառայություններ ապահովելու համար։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերից Նինոծմինդայի հիվանդանոցում ծննդատունը չի գործում։ Նինոծմինդայում ծննդատան բացակայությունը, ինչպես ցանկացած այլ փոքր բնակավայրում, կարող է լուրջ դժվարություններ առաջացնել հղիների և նրանց ընտանիքների համար։
Նախատեսվու՞մ է վերաբացել ծննդատունը Նինոծմինդայի կլինիկայում։
— Լավագույն ցանկության դեպքում հնարավոր է, սակայն ոչ միայն պետք է լինի հիվանդանոցի սահմանում, նաև այլ ոլորտի մարդկանց: Այդ ամենը շատ պատասխանատու և բարդ գործընթաց է, ծննդատան դռները բացելը չի նշանակում ծննդատուն բացել։ Հետո նաև բացածի համար պետք է պատասխանատու լինել։ Անհնարին ոչինչ չկա, ցանկացած պարագայում հնարավորություն կա՝ լավ ցանկության դեպքում։ Դա շատ հեշտ գործ չէ, մեծ պատասխանատվություն է իրենից ներկայացնում։
Որքանո՞վ է պացիենտի և բուժանձնակազմի կապը պահպանված։
— Մեծ խնդիրը, որը կա այս պահին հիվանդանոցում, այն է, որ հիվանդանոցի կապը շրջանի բնակչության հետ հնարավորինս խաթարվել է, կապը կորել է։ Զալալյանի խոսքով, երևի ինչ-որ վստահության և հարցերի պատասխանների պակաս կա։ Ամենամեծ խնդիրը, որը պետք է պարզվի, թե ում ինչ էր պետք, որ չեն ստացել՝ ինչ էին ցանկանում, ինչը չստացան ու ինչ են փնտրում այլ տեղերում։
Հավելենք, որ Նինոծմինդայում գործում է ծրագիր, երբ այլ տեղերից մասնագետներ են այցելում Նինոծմինդայի կլինիկա։
Գործու՞մ է վերոնշյալ ծրագիրը այժմ։
— Այն ծրագիրը, որը գործում է այժմ Նինոծմինդայի հիվանդանոցում՝ շաբաթվա մեջ մեկ անգամ այլ տեղերից գալիս են մասնագետներ, գործում է և ավելանալու են էլի նոր մասնագետներ և եթե պահանջարկը շատ լինի և բնակիչների վստահությունը վերականգնվի, հնարավոր են շաբաթվա մեջ մեկ անգամի փոխարեն լինի 2-3 անգամ։
Լսեք աուդիոնյութը՝
Ինչ վերաբերվում է Վրաստանում բուժման ստանդարտներին, ցանկացած ախտորոշում ունի իր բուժման ստանդարտը, ամեն մի պացիենտի համար անհատական մոտեցում է ցուցաբերվում, բայց առողջապահության միջազգային համաշխարհային կազմակերպության կողմից կան սահմանված ստանդարտներ։
Վրաստանն ունի ազգային արձանագրություն, որտեղ ժամանակ առ ժամանակ բժիշկները անցնում են հատուկ թրենինգներ։
— Մենք ունենք հիվանդանոցների մեծ ցանց, բժիշկները տեղափոխվում են փորձի փոխանակման տարբերակով կամ գնում տեսնում են որտեղ ինչ ծրագիր կա, ինչպիսի բուժում է մատակարարվում պացիենտներին, այնպես չէ, որ մի անգամ պատվոգրեր վերցրին և վերջ։ Տարվա մեջ և՛ բուժքույրերի մասով կան թրենինգներ և բժիշկների մասով, նրանք անընդհատ թրենինգների են այցելում։
Նշենք, որ Նինոծմինդայի հիվանդանոցում դեռ չեն նախատեսվում սարքավորումների թարմացում։ Ինչպես նշեց Արմեն Զալալյանը, բոլոր սարքավորումները նոր են, բավականին երկար ժամանակ կծառայեն։ Եթե առաջանա որևէ սարքավորման անհրաժեշտություն, այն անպայման ձեռք կբերվի։