Երեխաների անվտանգությունը կարևոր է. մասնագետները հորդորում են խստորեն պահպանել երթևեկության կանոնները

Երեխաների անվտանգությունը կարևոր է. մասնագետները հորդորում են խստորեն պահպանել երթևեկության կանոնները

Ամբողջ աշխարհում և Հայաստանում տարեկան գրանցվում են հազարավոր ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց մեծ մասը լինում են երթևեկության կանոնների խախտման հետևանքով: 

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ցավալի հետևանքների զոհ են դառնում նաև երեխաները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը նշել է՝  2024 թվականի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվել է մինչև 18 տարեկան 19 երեխա, մարմնական վնասվածքներ ստացել՝ 629, դեպքերի թիվը  2023 թվականի համեմատ նվազել է:

«2025 թվականի չորս ամիսների ընթացքում մինչև 18 տարեկան երեխաների մասնակցությամբ պատահարներից զոհվել է 4 երեխա, մարմնական վնասվածքներ է ստացել 220-ը: Զոհերից երկուսը եղել են ուղևորներ, երկուսը՝ հետիոտն, իսկ մարմնական վնասվածքներ ստացածներից  143-ը եղել են ուղևորներ, 77-ը՝ հետիոտն»,-նշեց նա:

Չիլինգարյանը մտահոգված է՝ ներկայացված թվերը խոսում է այն մասին, որ մինչև 18 տարեկան անչափահաս քաղաքացիների մեծ մասը հետիոտնի կարգավիճակում մարմնական վնասվածքներ է ստացել, քանի որ չի հետևել ճանապարհային երթևեկության կանոններին, իսկ ուղևորների պարագայում՝ երեխաները չեն եղել ամրակապված կամ համապատասխան մանկական պահող հարմարանքի: 

«Տարվա ընթացքում մենք դպրոցներում  պարբերաբար ունենում ենք շրջայցեր, հանդիպում ենք ուսուցիչների և երեխաների հետ և բացատրում ենք ճանապարհային երթևեկության կանոնները՝ հատկապես ճանապարհը հատելու կարգը: Բացի այդ, մեր ամենօրյա ծառայության ընթացքում ուշադրություն ենք դարձնում տրանսպորտային միջոցով երեխաների տեղափոխման կարգին, որպեսզի երեխան, ելնելով տարիքից, լինի ամրակապված կամ նստած, լինի մանկական պահող հարմարանքում, որի բացակայության պարագայում իրականացնում ենք համապատասխան վարչարարություն»,- ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալը:

Երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերին ամենօրյա ռեժիմով առնչվում են  նաև բժիշկները՝ վստահեցնելով, որ մեծ պատասխանատվությամբ պետք է վերաբերվել ճանապարհային անվտանգությանը, որն, ըստ մասնագետի, երբեմն գալիս է գիտակցության բացակայությունից, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ պատահարները:

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյանի խոսքով՝ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երեխաների մոտ առավել հաճախ հանդիպում են գլխի, ողնաշարի, ներքին օրգանների տարբեր տեսակի վնասվածքներ, ինչպես նաև վերջույթների կոտրվածքներ:

«Բոլոր վնասվածքները գրեթե հնարավոր է կանխարգելել, եթե ճիշտ պահպանվեն ճանապարհային երթևեկության կանոնները: Ես չեմ հիշում քարսիթով վնասված երեխա, երթևեկության ընթացքում երեխաները պետք է լինեն  ֆիքսված: Եթե վարորդը կարողանում է իրեն պաշտպանել՝ տեսնելով  վթարի պահը, ապա երեխաները թույլ և չֆիքսված լինելով՝ կարող են շատ ծանր վնասվածքներ ստանալ»,-նշեց նա:

Մասնագետները և պատկան մարմինները փաստում են՝ շատ մեծ աշխատանք կա իրականացնելու ճանապարհային երթևեկության անվտանգության մշակույթը հանրության մեջ զարգացնելու ուղղությամբ: Սկսած ծնողներից՝ պետք է ճիշտ հետևեն այդ կանոններին և օրինակ ծառայեն իրենց երեխաների համար: 

Armenpress.am