
Սննդի ազգային գործակալության հաղորդմամբ՝ Շիդա Քարթլիում հայտնաբերվել է սննդային բոտուլիզմի դեպք, որի պատճառով խոզապուխտ արտադրող տնտեսվարողը տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է։
Գործակալությունը զգուշացնում է քաղաքացիներին զերծ մնալ կասկածելի պայմաններում արտադրված ապխտած մսի, ձկան և պահածոյացված սննդի օգտագործումից։
«Մայիսի 20-ին Սննդի ազգային գործակալությունը Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնից ծանուցում է ստացել Շիդա Քարթլիում սննդային բոտուլիզմի դեպքի հայտնաբերման մասին։
Տեղեկությունը ստանալուց հետո գործակալության Շիդա Քարթլիի տարածաշրջանային բաժնի տեսուչները սկսել են հետաքննություն։ Քարելիի ապրիլի 9-ի փողոցում գտնվող «Ախալի Խորցի» խանութից, որտեղ քաղաքացին, որի մոտ հետագայում բոտուլիզմ է ախտորոշվել, գնել է խոզապուխտ»,- հայտնել է գործակալությունը։
Ըստ հաղորդագրության` ձեռնարկությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ կրիտիկական անհամապատասխանություններ, որոնց պատճառով տնտեսվարողը տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը՝ կասեցվել։
Գործակալությունը պարզել է, որ ձեռնարկատերը գործել է առանց գրանցման և տնտեսական գործունեության գրանցամատյանում ճանաչման, խախտվել են հետագծելիության պահանջները։
Բոտուլիզմը սուր տոքսիկ-վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է ծանր ընթացքով։
Բոտուլիզմի կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել սանիտարական և տեխնոլոգիական պայմանները սննդամթերքի օգտագործման ժամանակ։