Իշխող ուժն ընդդիմության գործունեությունն արգելելու համար հայց կներկայացնի ՍԴ

Իշխող ուժն ընդդիմության գործունեությունն արգելելու համար հայց կներկայացնի ՍԴ

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ և նույն կուսակցության հաստատած կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «Հավաքական ազգային շարժում»-ը արգելելու համար հայց կներկայացվի Սահմանադրական դատարան (ՍԴ)։ Գրում է Ալիք Մեդիան

Հանրային հեռարձակողի եթերում նա կրկնել է, որ «Հավաքական ազգային շարժում»-ը ներառում է հետևյալ կուսակցությունները՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Կոալիցիա փոփոխությունների համար», «Ուժեղ Վրաստան» և «Վրաստանի համար»։

Նրա խոսքով, սահմանադրական հայցը կհիմնվի խորհրդարանում «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի ստացած տեղեկատվության վրա։

«Մեկ անգամ ևս հավաքվում են փաստեր, որոնք պետք է հիմք հանդիսանան Սահմանադրական դատարան ներկայացվելիք հայցի համար։ Մեր ամբողջ թիմի նպատակն է այս գործընթացի հիման վրա պատրաստել հայց, որը շուտով կներկայացվի Սահմանադրական դատարան… Կարծում եմ, որ իմ նախնական վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ որ այս արդյունքը, մեծ հավանականությամբ, կարող է վերաբերել «Հավաքական ազգային շարժմանը» կից բոլոր չորս կուսակցություններին», — ասել է Իրակլի Կոբախիձեն։

«Հավաքական ազգային շարժման» արգելքը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ: ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող կուսակցությունը հաղթել է, բայց չի կարողացել սահմանադրական մեծամասնություն կազմել. այս արդյունքները չեն ճանաչում ընդդիմադիր կուսակցությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, Վրաստանի հինգերորդ նախագահը, և միջազգային գործընկերները նույնպես հարցեր ունեն: Վրաստանում նոր ընտրություններ պահանջող եվրոպամետ հանրահավաքները չեն դադարում։

«Վրացական երազանք»-ը փետրվարի 5-ին ստեղծել է քննչական հանձնաժողով՝ «Միացյալ ազգային շարժման» կառավարման ժամանակաշրջանն ուսումնասիրելու նպատակով: Հանձնաժողովին չներկայանալու համար հարուցվել է քրեական գործ, և որպես խափանման միջոց` գրավ է կիրառվել մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ:

Այս հանձնաժողովի պահանջը չկատարելու պատճառով երկու քաղաքական գործիչներ՝ Զուրաբ Ջափարիձեն և Իրակլի Օքրուաշվիլին, գտնվում են բանտում. նրանք հրաժարվել են գրավ վճարել։