Վրաստանում հատուկ ծառայությունները միավորվում են

Վրաստանում հատուկ ծառայությունները միավորվում են

Հատուկ քննչական ծառայությունը միանում է գլխավոր դատախազությանը, իսկ Հետախուզական ծառայությունը՝ Պետական անվտանգության ծառայությանը: Այս մասին գրում է Ալիք Մեդիան․

Այս համակարգերն այլևս առանձին չեն գործելու, ինչը հասարակության և մի շարք վերլուծաբանների շրջանակներում անհանգստության առիթ է դարձել: Փորձագետները կարծում են` վերոնշյալ ծառայությունները կարող էին մեծ դեր խաղալ իրավապահ մարմինների աշխատակիցների կատարած հանցագործությունների քննության առումով, սակայն նրանց այլևս առանձին չգործելու պայմաններում արևմտյան գործընկերների հետ համագործակցությունը վտանգվում է:

Մասնավորապես, այս ծառայությունների անկախության ապահովումն ինը պայմաններից մեկն էր, որոնց հիման վրա Եվրահանձնաժողովը Վրաստանին շնորհեց Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։

Գործառույթներ

Անպատշաճ վերաբերմունքի դեմ պայքարի լիազորված մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը, ստեղծվել է 2019 թվականին։

Հատուկ քննչական ծառայությունը պահանջում է դատախազության թույլտվություն (միջնորդություն).

  • եթե ​​քննության ընթացքում անհրաժեշտ է խուզարկել և առգրավել ապացույցներ,
  • դատարանում հարցաքննել վկային, որը կամավոր հրաժարվել է հարցաքննվելուց,
  • պահանջել տեսախցիկների ձայնագրություններ։

Հետախուզական ծառայության մասին պարզաբանման մեջ նշված է, որ գործող օրենսդրական շրջանակի համաձայն՝ «Հետախուզական ծառայության և Պետական ​​անվտանգության ծառայության գործառույթներն ու խնդիրները սերտորեն կապված են»։

Ինչպես գրված է Վրաստանի հետախուզական ծառայության կայքում, սա գործադիր իշխանության հատուկ նշանակության հաստատություն է, որն անմիջականորեն ենթարկվում է Վրաստանի վարչապետին և «իրականացնում է հետախուզական գործունեություն՝ Վրաստանի ազգային շահերը պաշտպանելու համար»։

Գործակալության տվյալներով՝ դրա նպատակներն են.

  • Արտաքին սպառնալիքների, ռիսկերի և ազգային շահերի դեմ մարտահրավերների ժամանակին բացահայտումը»,
  • Սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, մշակումը, վերլուծությունը և երկրի պետական ​​ու քաղաքական պաշտոնյաներին տեղեկացումը,
  • Անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկրի ռազմավարական կուրսին աջակցությունը,
  • Ինքնիշխանության պաշտպանության, տարածքային ամբողջականության վերականգնման, եվրատլանտյան ինտեգրման, ներդրումների ներգրավման և տեխնոլոգիական առաջընթացին հասնելու գործընթացները,
  • Գործընկեր երկրների այլ պետական ​​կառույցների և հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար։

Փորձագիտական գնահատականներ

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ  Գիորգի Թումասյանը «Ալիք մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց, որ արտաքին անվտանգության քաղաքականության փոփոխությունը արևմտյան երկրների հետ գործընկերության կասեցման վտանգի սպառնալիք է։

«Սա շատ վատ զարգացում է Վրաստանի անվտանգության համար. ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայության միավորմանը դատախազության հետ՝ վերոնշյալ կառույցը պետք է քններ ուժային համակարգի և ոստիկանների կատարած խախտումները, ինչը գրեթե երբեք չի արվել, և պարզ էր, որ Հատուկ քննչական ծառայությունը անկախ մարմին չէր. այս քայլով դա ապացուցվում է»,-  ասաց Թումասյանը:

Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլին, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այս խնդրին, գրել է՝ տարիներ շարունակ ներդրված ջանքերից հետո Հատուկ քննչական ծառայությունը վերացվում է, թեև կարող էր մեծ դեր խաղալ իրավապահ մարմինների աշխատակիցների կատարած հանցագործությունների քննության առումով:

«Մենք տարիներ շարունակ փորձել ենք ստեղծել հատուկ քննչական ծառայություն։ Լավ թե վատ` ստեղծվեց. մեծ ռեսուրսներ են ներդրվել, և դա կարևոր դեր կարող էր խաղալ իրավապահ մարմինների աշխատակիցների կատարած հանցագործությունների քննության և անպատժելիության մշակույթը փոխելու գործում։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս ինստիտուտը վերացվում է»,- գրել է Նանուաշվիլին:

Հիշեցնենք. վերջին ամիսներին Հատուկ քննչական ծառայությունը ստացել է տասնյակ բողոքներ, որոնցով պահանջվում է հետաքննել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից եվրոպամետ հանրահավաքների ժամանակ կատարված հանցագործությունները, սակայն մինչ օրս նման դեպքեր չեն քննվել, և ենթադրյալ կասկածյալներ չեն հայտնաբերվել։