
Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերի բաժնի նոր ղեկավար Դմիտրի Օլիսովի խոսքով՝ բաժինը կշարունակի իր աշխատանքը «ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ»։ Այս տեղեկությունը փոխանցել է «Ազատություն» ռադիոակայանը՝ վկայակոչելով ռուսալեզու աղբյուրները: aliq.ge
«Ռուսաց լեզվի տարածումը արտերկրում Ռուսաստանի մարդասիրական քաղաքականության առաջնահերթ ոլորտներից մեկն է։ Մեր գլխավոր խնդիրն է խթանել ռուսաց լեզվի մրցունակությունը, ստեղծել ռուսական մշակույթի և գիտության նվաճումներին համընդհանուր ազատ հասանելիության երաշխիքներ, ապահովել ռուսաց լեզվի ուսումնասիրության և կրթության հնարավորություններ։ Ես կցանկանայի ձեզ վստահեցնել, որ Հետաքրքրությունների բաժինը, նրա ողջ անձնակազմը կշարունակի իր աշխատանքը այս կարևոր ուղղությամբ», — ասել է Օլիսովը Ռուսաց լեզվի օրվան նվիրված երեկոյի ժամանակ, որը տեղի է ունեցել Ռուսական շահերի բաժնում։
Դիվանագետը նաև նշել է, որ հայտնի վրացի գրողների բազմաթիվ ստեղծագործություններ, որ «ոչ միայն ստեղծագործել են, այլև մտածել են ռուսերեն», գրված են ռուսաց լեզվով:
Օլիսովը ռուսաց լեզուն անվանել է «բարեկամության, համագործակցության և միասնության լեզու, արտերկրում գտնվող ռուսական սփյուռքի մշակութային ինքնության պահպանման հիմք և միմյանց միջև հաղորդակցման միջոց»։
Ի դեպ, Ռուսաց լեզվի օրը նշվում է ամեն տարի հունիսի 6-ին՝ Պուշկինի ծննդյան օրը։