
Վրաստանի իշխանությունները մտադիր են խստացնել երկրում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու կանոնները։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Քրեական օրենսգրքում նոր պատժատեսակ կլինի․ օտարերկրացու վտարում՝ որոշակի ժամկետով Վրաստան մուտք գործելու արգելքով:
«Նմանատիպ միջոց կհայտնվի նաև վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում»,-հայտնել է Մդինարաձեն ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև երկրում գտնվելու կանոնների խախտման համար տուգանքների զգալի ավելացում, բացի այդ, կհեշտացվի անօրինական ներգաղթյալներին արտաքսելու գործընթացը:
Ավելի վաղ՝ ապրիլի կեսերին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը օրենսդրական փոփոխությունների փաթեթ էր մշակել՝ ուղղված միգրացիոն ռեժիմի խստացմանը: Նորամուծությունները նպատակ ունեն կատարելագործել միջազգային պաշտպանություն տրամադրելու մեխանիզմները, պայքարել անօրինական միգրացիայի դեմ և կանխել ապաստան ստանալու ընթացակարգի չարաշահումները: