
Վերջին մի քանի տարիների ընթացքում արջեր են նկատվել Ջավախքի տարբեր շրջաններում։
Եթե նախկինում արջեր էին նկատվում հեռավոր գյուղերի մոտ կամ դրանց ծայրամասերում, որտեղ մեղվանոցներ կան, ապա այս տարի նրանք ազատորեն շրջում են ոչ միայն գյուղերում, այլև Նինոծմինդայի փողոցներով։
Անհնար է ասել՝ սա մեկ արջ է, թե մի քանի։ Սակայն հունիսի 3-ից Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվել է գիշատչի հայտնվելու առաջին դեպքը։ Հեռավոր Եֆրեմովկա գյուղի բնակիչը ֆիքսել է այն պահը, երբ արջը փախչում է մեքենայի լույսի տակ։ Դրանից առաջ արջը նկարահանվել է նաև Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ Սուլդա գյուղի մոտ։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում արջ է նկատվել ոչ միայն Եֆրեմովկայում։ Վերջին օրերին այն տեսել են Սպասովկա, Կաթնատու գյուղերում, ինչպես նաև Նորաշենում և Նինոծմինդա քաղաքի փողոցներում։ Մեծ գիշատիչը նկատվել և նկարահանվել է գիշերը՝ կամ քայլում էր փողոցներով, կամ քանդում էր աղբամանները։ Սա կարող է ցույց տալ, որ կենդանին սնունդ է փնտրում։
Մի քանի օր առաջ Սպասովկա գյուղի բնակիչը նույնպես լուսանկար էր ուղարկել NOR ռադիոկայան, որտեղ, ըստ նրա, պատկերված էր արջի կողմից հոշոտված կով։ Սակայն հաստատված տեղեկություններ չկան, որ դա իսկապես արջի «ձեռքի գործն» է, այլ ոչ թե այս տարածքներում տարածված մեկ այլ գիշատչի՝ գայլի։ Այնուամենայնիվ, տեղի բնակիչները համոզված են, որ կենդանին սատկել է արջի հարձակումից՝ հղում անելով գիշատչի թողած բնորոշ հետքերին։
Հոշոտված կով
Լրագրողները ամեն օր հաղորդագրություններ և զանգեր են ստանում. տեղի բնակիչները մտահոգություն են հայտնում, որ գիշատիչը ազատորեն թափառում է փողոցներում: Մարդիկ վախենում են, որ ինչ-որ մեկը կարող է վնասվել: Հատկապես մտահոգիչ է երեկոյան ժամերին. բնակիչները փորձում են անհարկի դուրս չգալ:
Բնակիչները չգիտեն, թե ում դիմել նման դեպքերում: Սակայն արջի որսը պատժվում է օրենքով. դրա համար կան զգալի տուգանքներ:
Ի՞նչ անել նման իրավիճակներում:
Ջավախքի պահպանվող տարածքների տնօրեն Թամազ Կարապետյանը բացատրեց, որ այս հարցը իրենց իրավասության մեջ չէ: Շրջակա միջավայրի պահպանության և վերահսկողության վարչությունը բացատրեց, որ արջը կարող է սպանվել միայն համապատասխան գրավոր դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից: Նրանց խոսքով, անհրաժեշտության դեպքում գործընթացին կներգրավվի որսորդների հատուկ խումբ:
Քաղաքապետարանը հաստատեց, որ համապատասխան նամակն արդեն պատրաստվում է և առաջիկա օրերին կուղարկվի Շրջակա միջավայրի պահպանության և վերահսկողության վարչություն՝ արջի տեղաշարժի հետ կապված խնդիրը արագ և արդյունավետ լուծելու նպատակով, որը սպառնալիք է ներկայացնում բնակիչների համար: