Իսրայելի հարվածները Իրանի դեմ կշարունակվեն 14 օր

Իսրայելի հարվածները Իրանի դեմ կշարունակվեն 14 օր

The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ Իսրայելի հարվածները Իրանի դեմ դեռ հեռու են ավարտից, քանի որ պլանավորված է 14-օրյա ռազմական գործողություն։

Պարբերականի փոխանցմամբ, նման տևողությամբ հարձակումը համահունչ է վերլուծաբանների այն կարծիքին, որ միօրյա գործողությունը բավարար չէ Իրանի միջուկային ծրագրին էական վնաս հասցնելու համար։
Հունիսի 13-ի գիշերը սկսված հարձակման ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերը վնասել են Շիրազի հրթիռաշինական գործարանը, ոչնչացրել Թեբրիզի օդանավակայանը և հարվածել Նաթանզում գտնվող Իրանի խոշորագույն միջուկային համալիրին։ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, Ֆորդոյի, Իսֆահանի և Բուշերի միջուկային օբյեկտները չեն վնասվել, իսկ ճառագայթման մակարդակը մնում է նորմայի սահմաններում։

Հարձակումը տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային գործարքի շուրջ բանակցությունների նոր փուլի նախօրեին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին տրվում է երկրորդ հնարավորություն՝ գործարք կնքելու համար։ Նա նաև զգուշացրել է, որ այս առաջարկը կարող է օգնել Իրանին խուսափել հետագա, ավելի ծանր հետևանքներից։ armlur.am