Վալեում սառը զենքով դանակահարել են սահմանապահին

Վալեում սառը զենքով դանակահարել են սահմանապահին

Վրաստանի պետական սահմանը խախտելու և սահմանապահի վրա հարձակման փորձի մեղադրանքով մի խումբ անձինք են ձերբակալվել

Վրաստանի սահմանային ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել են 1993 թվականին ծնված Ս. Քա.-ն և 1994 թվականին ծնված Դ. Ի.-ն՝ խմբով Վրաստանի պետական սահմանը անօրինական հատելու փորձի, ինչպես նաև ոստիկանի վրա հարձակման մեղադրանքով։

Բացի այդ, նույն գործի շրջանակում՝ խմբով սահմանախախտմանը օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել են նաև 2001 թվականին ծնված Է. Բ.-ն, 2002 թվականին ծնված Մ. Չ.-ն և Ա. Ա.-ն։

Հետաքննությամբ պարզվել է, որ Է. Բ.-ն, Մ. Չ.-ն և Ա. Ա.-ն աջակցել են Ս. Քա.-ին և Դ. Ի.-ին սահմանը ապօրինի հատելու հարցում։ Նշվում է, որ վերջիններս փորձել են անօրինական կերպով հատել պետական սահմանը «Վալեի» սեկտորի վերահսկվող հատվածում, չեն ենթարկվել սահմանապահների օրինական հրահանգին և դիմադրել են։ Միջադեպի ժամանակ Ս. Քա.-ն սառը զենքով (դանակով) վիրավորել է սահմանապահներից մեկին։

Սահմանախախտները փորձել են փախչել, սակայն շուտով ձերբակալվել են։ Իրավապահները դեպքի վայրից առգրավել են հանցագործության գործիքը՝ դանակը։ Վիրավոր սահմանապահին ցուցաբերվել է բժշկական օգնություն, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի առթիվ քննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի միաժամանակ երեք հոդվածներով՝

19-344-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետ (խմբով սահմանախախտման փորձ),

353-րդ հոդվածի 1-ին մաս (ոստիկանի վրա հարձակման համար),

25-19-344-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետ (օժանդակություն խմբով անօրինական հատման փորձին)։

Հանցագործությունները պատժվում են մինչև 7 տարվա ազատազրկմամբ։