Հետազոտողներն ստեղծել են ունիվերսալ պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ

Հետազոտողներն ստեղծել են ունիվերսալ պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ

Փիտսբուրգի եւ Փենսիլվանիայի համալսարանների գիտնականները մշակել են նորարարական ունիվերսալ հակագեն կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, հաղորդել է Innovanews պարբերականը։ Սուրեշ Կուչիպուդիի գլխավորած հետազոտական ​​​​խումբը մշակել է նոր mՌՆԹ պատվաստանյութ, որն ունի պարզեցված արտադրության տեխնոլոգիա եւ կարող է արագ հարմարվել փոփոխվող վիրուսային շտամներին։ Ի տարբերություն առկա mՌՆԹ պատվաստանյութերի, որոնց ստեղծման համար անհրաժեշտ է ակտիվ նյութի զգալի քանակություն, նոր մշակումն օգտագործում է mՌՆԹի 40 անգամ ավելի փոքր դոզա, ինչը թույլ է տալիս զգալիորեն կրճատել դեղամիջոցի ինքնարժեք։

Աշխատանքի ընթացքում գիտնականները կիրառել են պատվաստանյութի գենետիկական նյութը երկու հիմնական բաղադրիչների բաժանելու սկզբունքը՝ իմունային համակարգի ակտիվացման համար պատասխանատու հակագենի եւ ռեպլիկազի՝ նախապես պատրաստվող ֆերմենտի, որընարագացնում է պատվաստանյութի արտադրության գործընթացը, գրել է Planet Today-ը։ Այս մոտեցումը, հեղինակների կարծիքով, թույլ է տալիս արագ արձագանքել պաթոգենի նոր շտամների ի հայտ գալուն, քանի որ ռեպլիկազան մշտական ​​​​նորացման կարիք չունի, եւ հակագենային մասի փոփոխությունը հնարավոր է առավելագույն կարճ ժամանակում։

Ունիվերսալ հակագեն ստեղծելու համար մասնագետները մանրակրկիտ վերլուծել են SARS-CoV-2 կորոնավիրուսի բոլոր հայտնի տարբերակները եւ ընտրել են փշաձեւ սպիտակուցի մի հատված, որն առկա է ներկա շտամների մեծ մասում։ Դրա շնորհիվ պատվաստանյութը կարողանում է ձեւավորել իմունիտետ վիրուսի լայն տեսականու դեմ։ Լաբորատոր մկների վրա կատարված փորձերը հաստատել են, որ դեղամիջոցն առաջացնում է արտահայտված իմունային պատասխան՝ ապահովելով պաշտպանություն կորոնավիրուսի տարբեր ձեւերի դեմ։

Սուրեշ Կուչիպուդին նշել է, որ առաջարկվող տեխնոլոգիան կարող է ապահովել երկարատեւ պաշտպանություն՝ առանց պատվաստանյութերի պարբերաբար թարմացման անհրաժեշտության: Նա ընդգծել է, որ mՌՆԹ-ի անհրաժեշտ դեղաչափի զգալի կրճատումը հնարավորություններ է բացում ավելի էժան արտադրության եւ պատվաստանյութի ավելի մեծ հասանելիության համար: Բացի այդ, հետազոտողները կարծում են, որ նոր մեթոդը կարող է օգտագործվել այլ վտանգավոր վիրուսների, այդ թվում՝ H5N1 թռչնագրիպի շտամների դեմ պայքարելու համար։

Npj Vaccines ամսագրում հրապարակված նյութի հեղինակները նշել են, որ դրանց մշակումը կարող է լուծել ժամանակակից mՌՆԹ պատվաստանյութերի երկու հիմնական խնդիր միաժամանակ՝ բարձր գին հումքի մեծ սպառման պատճառով եւ անբավարար վերականգնման տեմպ վիրուսի արագ էվոլյուցիայի պայմաններում։ Եթե ​​տեխնոլոգիան հաջողությամբ ընդլայնվի, դա զգալիորեն կարագացնի նոր պատվաստանյութերի ստեղծումը եւ կբարձրացնի դրանց մատչելիությունը բնակչության համար։

Հետազոտությունն այժմ գտնվում է նախակլինիկական փուլում, եւ պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը մարդկանց վրա դեռեւս ապացուցված չեն։ Գիտնականները նաեւ նշել են, որ ունիվերսալ հակագենը կարող է այնքան էլ արդյունավետ չլինել առանձին շտամների դեմ, քանի որ դրա նպատակն է ապահովել հնարավորինս լայն ընդգրկում։ Կուչիպուդիի խոսքով՝ նոր մոտեցումը կարող է փոխել համավարակների դեմ պայքարի ռազմավարությունը՝ թույլ տալով նախապես պատրաստվել նոր սպառնալիքներին։