Թռչնագրիպը ձեռք է բերում մարդկային վիրուսի գծեր

Թռչնագրիպը ձեռք է բերում մարդկային վիրուսի գծեր

Թռչնագիպի H9N2 վիրուսը, որը երկար ժամանակ համարվում էր սպառնալիք միայն թռչնաբուծության համար, այժմ ցուցադրում է մարդկանց վարակելու էլ ավելի մեծ ունակություն, տեղեկացրել է Innovanews պարբերականը՝ հղում կատարելով Nature Microbiology ամսագրում հրապարակված հետազոտությանը։ Չինացի գիտնականները՝ պրոֆեսորներ Բի Յուհայի, Գաո Ֆուի եւ Շի Վեյֆենի գլխավորությամբ,  H9N2-ի գենետիկ բազմազանության եւ էվոլյուցիայի խոշոր ուսումնասիրություն են կատարել՝ հայտնաբերելով մարդկային օրգանիզմին վիրուսի ադապտացման տագնապալի նշաններ։

H9N2-ը առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում 1994թ. եւ այդ ժամանակվանից ի վեր մնացել է թռչնագրիպի գերիշխող ենթատիպը ընտանի թռչունների շրջանում՝ չնայած պատվաստանյութերի օգտագործմանը: Սակայն վերջին տարիներին մարդկանց փոխանցման դեպքերը աճել են, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում գիտական ​​​​համայնքում, գրել է Planet Today-ը:

Չինաստանի գիտությունների ակադեմիայի մանրէաբանության ինստիտուտի Գրիպի հետազոտությունների կենտրոնի (CASCIRE) եւ այլ հաստատությունների հետազոտողները 2014-2023թթ. հետեւել են վիրուսին՝ վերլուծելով կենդանի թռչունների շուկաներից վերցված նմուշները։ Նրանք հայտնաբերել են, որ վիրուսը ակտիվորեն մուտացիայի է ենթարկվում, եւ այժմ շրջանառվում են H9N2-ի առնվազն տասը տարբեր գենետիկ ենթատիպեր, ինչը նվազեցնում է առկա պատվաստանյութերի արդյունավետությունը։

Վերջին շտամների հիմնական առանձնահատկությունը մուտացիաների ի հայտ գալն էր, որոնք նպաստում են վիրուսի ներթափանցմանը եւ բազմացմանը մարդու բջիջներում: Մասնավորապես, ուսումնասիրված նմուշների 99.46 տոկոսում հայտնաբերվել է HA-L226 մուտացիա, որը բարելավում է վիրուսի շաղկապումը մարդու բջիջների մակերեսին գտնվող ռեցեպտորների հետ: Բացի այդ, շտամների 96.17 տոկոսը պարունակում է NP-N52 մուտացիան, որը թույլ է տալիս վիրուսին շրջանցել մարդու իմունային պատասխանին մասնակցող պաշտպանիչ MxA սպիտակուցը: Վիրուսների 32.61 տոկոսում հայտնաբերված PB2-V627 մուտացիան նպաստում է վիրուսի արագացված վերարտադրությանը կաթնասունների բջիջներում: Նման փոփոխությունները զգալիորեն մեծացնում են կենդանիների եւ մարդկանց միջեւ վիրուսի փոխանցման ռիսկը, ինչը հաստատվում է աքիսների եւ ծովախոզուկների վրա կատարված փորձերով, որոնք ծառայում են որպես զոոնոտիկ վարակների ուսումնասիրության մոդելներ։

Պրոֆեսոր Բի Յուհայը նշել է, որ «այս մուտացիաները թույլ են տալիս H9N2 վիրուսին ոչ միայն արդյունավետորեն վարակել թռչուններին, այլեւ հարմարվել մարդու օրգանիզմին, ինչը պահանջում է համաճարակաբանական վերահսկողության ուժեղացում եւ նոր պատվաստանյութերի մշակում»։ Չնայած Չինաստանում H9N2-ի պատվաստանյութերի շարունակական օգտագործմանը, վիրուսը շարունակում է լայնորեն տարածված լինել եւ զարգանալ, ինչը կարող է հանգեցնել նոր շտամների առաջացման, որոնք ունեն մարդկանց վարակելու ավելի մեծ կարողություն։

Հետազոտությունը նաեւ ընդգծել է ավելի արդյունավետ պատվաստանյութերի անհրաժեշտությունը, որոնք կարող են առաջացնել ոչ միայն հումորալ, այլեւ բջջային իմունիտետ եւ խթանել շնչառական լորձաթաղանթի պաշտպանությունը: Գիտնականները զգուշացնում են, որ պատվաստանյութերի ժամանակին թարմացման եւ H9N2 վիրուսի մոնիթորինգի ուժեղացման բացակայության դեպքում կա նոր համավարակի վտանգ այս վիրուսի պատճառով:

Թեեւ աշխատանքը կենտրոնացած էր Չինաստանում, որտեղ վիրուսն առավել տարածված է, փորձագետները նշել են, որ H9N2-ը առկա է նաեւ Ասիայի այլ վայրերում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում։ Այս տարածաշրջաններում անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ սպառնալիքը լիարժեք գնահատելու համար։ Գիտնականները ներկայում շարունակում են ուսումնասիրել վիրուսի հարմարվողականության մեխանիզմները եւ մշակել ռազմավարություններ՝ մարդկանց շրջանում դրա հետագա տարածումը կանխելու համար։