Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնը սկսել է ստուգում անցկացնել Նինոծմինդա քաղաքի գեղեցկության սրահներում տեղեկանալու համար արդյոք դրանք համապատասխանում են սանիտարահիգիենիկ պահանջներին:
Մեկ շաբաթվա ընթացքում Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի աշխատակիցները կծանոթանան քաղաքի 13 գեղեցկության սրահներում գործիքների դեզինֆեկցիայի և ստերիլազացման պայմանների հետ: Հանրային առողջապահության կենտրոնի աշխատակիցները կլրացնեն վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին 9 հարցից բաղկացած հարցաշարները:
Հանրային առողջապահության կենտրոնի կոորդինատոր Ֆլորա Բդոյանի խոսքով՝ այս փուլում նրանք ծանոթանալու են գործիքների ստերիլիզացման պայմաններին, որպեսզի կարողանան պայքար մղել հեպատիտ С-ի դեմ: Նրա խոսքով՝ կենտրոնի նպատակն է տեղեկանալ արդյոք գեղեցկության սրահներում առկա են խթանող հանգամանքներ հեպատիտ С-ի առաջացման համար: ՛՛Շատ կարևոր է հետևողական լինել գործիքների ստերիլիզացման հարցում՛՛,- նշեց Ֆլորա Բդոյանը:
Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնը քաղաքի գեղեցկության սրահներում նմանատիպ ստուգումներ անցկացնում է ամսեկան երկու անգամ:
Վրաստանի շրջաններում կոսմետիկ ծառայություններ մատուցող հաստատությունների համար պարտադիր է համարվում գրանցումը և գործիքները ստերիլիզացնելու սարքավորումներով ապահովված լինելը: Եթե կրկին անգամ խախտվի հիգիենայի պահպանման կանոնները, ապա դա կդիտարկվի որպես վարչական խախտում և գործը կհասնի դատարան:
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող այս ստուգումները բացատրվում են վիրուսների և հեպատիտ С-ի տարածման կանխարգելմամբ:
Գարուշ Արզումանյան