
Հազվագյուտ բժշկական դեպք Ալժիրում․ 73-ամյա կնոջ մոտ հայտնաբերվել է «քարե երեխա»՝ 35 տարի անց
Բժշկական աշխարհը նորից կանգնել է զարմանքի առջև՝ Ալժիրում գրանցվել է անհավատալիորեն հազվագյուտ և գրեթե աներևակայելի դեպք։ 73-ամյա մի կին, ով հիվանդանոց էր դիմել որովայնի սուր ցավերով, պատահականորեն դարձել է դարավոր հազվադեպ բժշկական երեւույթի՝ լիթոպեդիայի կիզակետում։
Կատարված պատկերագրական հետազոտությունները (սոնոգրաֆիա, ՏՀՏ և ռենտգեն) պարզել են, որ նրա որովայնում գտնվում է կալցիֆիկացված պտուղ՝ բժշկական լեզվով՝ «քարե երեխա»։ Բժիշկների խոսքով, այդ պտուղը կնոջ մարմնի ներսում գտնվել է շուրջ 35 տարի, առանց որեւէ ախտանշանների կամ բարդությունների՝ մինչ վերջին շրջանում առաջացած ցավերը։
Լիթոպեդիան՝ հունարենից թարգմանությամբ՝ «քարե երեխա», արտակարգ հազվադեպ պայման է, երբ արտարգանդային հղիության ժամանակ պտուղը մահանում է, սակայն օրգանիզմը չի կարողանում վերացնել այն։ Այս դեպքում մարմինը դիմում է ինքնապաշտպանական մեխանիզմի՝ սկսում է պտղին կալցիումով «փաթաթել», որպեսզի կանխի վարակի տարածումը։
Դա տեղի է ունենում, երբ բեղմնավորված ձվաբջիջը զարգանում է արգանդից դուրս, հիմնականում՝ արգանդափողում։ Եթե պտուղն արդեն չափազանց մեծ է՝ օրգանիզմի կողմից վերակլանվելու համար, մարմինը կարծրացնում է այն՝ վերածելով «քարե զանգվածի»։
Լիթոպեդիան հանդիպում է չափազանց հազվադեպ․ գրանցված դեպքերի համաձայն՝ բոլոր հղիությունների ընդամենը 0.0054%-ում։ Դեպքերի մեծ մասը անցնում է առանց ախտանշանների․ մարդիկ կարող են տասնամյակներով կրել այդ վիճակը՝ առանց իմանալու դրա գոյության մասին։ Այն սովորաբար բացահայտվում է պատահականորեն՝ այլ հիվանդությունների կամ ցավերի հետ կապված հետազոտությունների ընթացքում։
Թեև այս դեպքը կարող է վախեցնող թվալ, այն միաժամանակ վկայում է մարդու մարմնի անհավատալի հարմարվողականության մասին։ Մարմինը տարիներ շարունակ կարող է պաշտպանել ինքն իրեն՝ նույնիսկ սեփական սահմաններից դուրս զարգացած մահացած պտղից՝ ստեղծելով յուրօրինակ «կենսաբանական պատնեշ»։
Այս պատմությունը ոչ միայն ցնցող բժշկական բացահայտում է, այլև հիշեցում այն մասին, թե որքան քիչ ենք մենք իրականում հասկանում մեր մարմնի հնարավորությունների և ինքնապաշտպանական մեխանիզմների մասին։