
Չորամրգերից ամենատարածվածն ու հաճախակի գործածվողն այսօր չամիչի, սև սալորի ու ծիրանի չրերն են: Չորամիրգը միայն հյութ պատրաստելու համար չի օգտագործվում: Չրերով կարելի է հիանալի պահքային կերակրատեսակներ պատրաստել:
Չրերը պատկանում են քաղցր մթերքների թվին, բայց և միաժամանակ արյան մեջ չեն բարձրացնում շաքարի քանակը, այդ իսկ պատճառով էլ օգտակար են օրգանիզմի համար: Իրենց բաղադրության մեջ եղած կալցիումի մեծ քանակի շնորհիվ, չրերի օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում դեմքի մաշկի վրա, ամրանում են եղունգներն ու մազերը:
Չորամիրգ գնելիս` պետք է ուշադրություն դարձնել վերջինիս որակական հատկանիշների վրա: Եթե մրգերը շատ են չորացված, ուրեմն համապատասխան պայմաններում չեն պատրաստվել: Եթե մրգից գինու համ է գալիս, ուրեմն հումքը ճիշտ պայմաններում չի մշակվել: Օգտագործելուց առաջ ցանկալի է լվանալ հոսող ջրի տակ:
Չրերը պարունակում են մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը: Օրինակ` եթե օրվա ընթացքում մարդն ուտի 5 հատ սև սալորաչիր, 5 հատ ծիրանաչիր և նույնքան էլ թզի չիր, կարելի է մոռանալ աղիների խնդրի մասին:
Արմավը` խուրման, որպես էներգիայի աղբյուր, կարելի է ասել` գերազանցում է բոլոր տեսակի չրերին: Պարունակում է E, H, B5 վիտամիններ: Բացի այդ, այս չրի մեջ կան նյութեր, որ նույնացնում են ասպիրինի հետ: Իզուր չէ, որ հնում արմավի պտուղներն օգտագործվել են մրսածության ու գլխացավի դեպքում: Տանձի չիրն օգնում է օրգանիզմին ազատվել ծանր մետաղներից ու թունավոր նյութերից:
Չորացրած տանձն իր մեջ կարող է պարունակել 36 տոկոս շաքար և 24 տոկոս ջուր:Թուզը կարգավորում է վահանագեղձի գործունեությունն ու կանխում ուռուցքածին բջիջների առաջացումը: Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է որպես օրգանիզմը խարամներից մաքրող միջոց:
Ծիրանաչիրն իսկական վիտամինների աղբյուր է. պարունակում է նաև երկաթ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, կարոտին և այլն: Խնձորը պարունակում է բոլոր անհրաժեշտ վիտամինները: Խնձորի չիրը պարունակում է 40-45 տոկոս շաքար:
Չամիչը շատ օգտակար է երեխաներին և նրանց, ովքեր թույլ նյարդային համակարգ ունեն, նաև նպաստում է դիմադրողականության բարձրացմանը: Այն նաև շատ օգտակար է սրտի համար: