Սաթխա գյուղի վերանորոգված դպրոցը դեռևս պատրաստ չէ նոր ուսումնական տարվան

Սաթխա գյուղի վերանորոգված դպրոցը դեռևս պատրաստ չէ նոր ուսումնական տարվան

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի դպրոցում 2016թ. օգոստոս ամսից անցկացվում է կապիտալ վերանորոգում:


Դպրոցի վերանորոգումը ավարտված է, բայց դեռևս շահագործման չի հանձնվել: Ներկայումս «განვითარების ფონდი» («Զարգացման հիմնադրամ»-ի) ծրագրով անցկացվում է դպրոցի ցանկապատման աշխատանքներ, որի երկարությունը կազմում է 420 մետր: Սակայն այս հարցում դպրոցը խնդրի առջև է կանգնած: Կանգնեցված են դպրոցի ցանկապատման աշխատանքները, քանի որ Սաթխա գյուղի բնակիչ Ստեփան Համբարյանը պնդում է, որ այն տարածքում, որտեղ անցկացվում են ցանկապատման աշխատանքները, հանդիսանում իր սեփականությունը:


Դպրոցի տնօրեն Շուշանիկ Անանիկյանի խոսքով՝ տվյալ տարածքը գտնվում է դպրոցի հաշվեկշռում: Նրա խոսքով՝ մինչև այս հարցում պարզեցում չմտցվի դպրոցի ցանկապատման աշխատանքները չեն վերսկսվի: Տնօրենի խոսքով՝ նույն ծրագրով նաև նախատեսված է ասֆալտապատել դպրոցի տարածքը:

Վրաստանում նոր ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին: Սակայն Սաթխա գյուղի դպրոցը պատրաստ չէ նոր ուսումնական տարվան: Այդ պատճառով
ուսումնական գործընթացը կմեկնարկի գյուղի Մշակույթի կենտրոնում:

Հիշեցնենք, որ ՛՛Հազարամյակի մարտահրավերներ՛՛ հիմնադրամի դպրոցների վերանորոգման ծրագրի շրջանակներում Սաթխա գյուղի դպրոցում անցկացվել է կենտրոնական ջեռուցում, փոխվել են դռները, պատուհանները, տանիքը, հատակը և ներկվել են պատերը:

Դպրոցը ապահովված է նաև քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիայով, մարզադահլիճով, կոնֆերանս-դահլիճով, ճաշարանով, կաթսայատնով և զուգարանով: Բացի այդ, դպրոցը արդեն ստացել է նոր գույք և լաբորատորիաների սարքավորումներ:

Տնօրեն Շուշանիկ Անանիկյանի խոսքով՝ դպրոցի վերանորոգման աշխատանքները կատարվել են բարձր մակարդակով և այժմ բոլոր բարենպաստ պայմաններն առկա են ուսումնական գործընթացը պատշաճ կերպով անցկացնելու համար: Այս տարի դպրոցում գրանցված են 10 առաջին դասարանցիներ, իսկ ընդհանուր հաշվով դպրոցն ունի 209 աշակերտ: