«Պոեզիան իմ կյանքն է»․ Բեգլար Չրաղյանի բազմաշերտ գործունեությունը

«Պոեզիան իմ կյանքն է»․ Բեգլար Չրաղյանի բազմաշերտ գործունեությունը

Բեգլար Չրաղյանը ծնվել է 2000 թվականին՝ Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում։ Մինչև 9-րդ դասարան սովորել է տեղի դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն։ Նրա երկրորդ մասնագիտությունը ծրագրավորումն է, իսկ հետագայում երկու տարի սովորել է նաև մագիստրատուրայում՝ արհեստական բանականության ոլորտում։

Չնայած ընտանիքում արվեստով զբաղվողներ չեն եղել, Բեգլարի կյանքում ստեղծագործական աշխարհը ձևավորվել է դեռ մանկուց։ Ինչպես ինքն է ասում, առաջին բանաստեղծությունները սկսել է գրել մոտ 9-10 տարեկանում։

«Բանաստեղծություն գրելը դա շնորհ է։ Փոքր ժամանակ չէի հասկանում ու չէի մտածում այդ ուղղությամբ, բայց հասկանում էի, որ իմ մտածելակերպով ամեն մի տեսած երևույթ, գեղեցկություն, սեր, ցանկացած բան, որ Աստված ստեղծել է, ես հանձնում էի թերթին»,- պատմում է Բեգլարը NOR-ի հետ զրույցում։

Նրա առաջին բանաստեղծությունը եղել է լուսնի հետ երկխոսություն։ Տասը տարեկան է եղել, երբ գիշերով նստած նայել է լուսնին և սկսել գրել։ Բանաստեղծությունը սկզբում գանգատ էր լուսնին, սակայն ընթացքում այդ գանգատը փոխվել է։ Առաջին մարդը, ում հետ Բեգլարը կիսվել է իր ստեղծագործությամբ, եղել է փոքր եղբայրը։ Նա նշում է, որ միշտ փակ մարդ է եղել և իր բանաստեղծությունները գրեթե ոչ մեկին ցույց չի տվել։ Այսօր Բեգլար Չրաղյանը հինգ գրքի հեղինակ է։ Գրքերում տեղ են գտել բանաստեղծություններ, փիլիսոփայական և հոգեբանական մտքեր, աստվածաբանություն, սիրո թեմաներ, ինչպես նաև վեպեր։ Գրքերի հրատարակությանն աջակցել է նրա մեծ եղբայրը։

Բեգլարի կյանքում, սակայն, պոեզիան միակ զբաղմունքը չէ։ Մասնագիտությամբ ծրագրավորող է և աշխատում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում՝ որպես IT մենեջեր։ Նրա աշխատանքային պարտականությունների շրջանակում ընդգրկված են 12 գյուղերի համակարգչային համակարգերը։

Բացի աշխատանքից ու գրականությունից, Բեգլարը զբաղվում է սպորտով, ունի անհատական ձեռքբերումներ, ակտիվորեն զբաղվում է նաև լեռնագնացությամբ։ Մոտ ապագայում նախատեսում է բարձրանալ Արարատ լեռը։ Եկեղեցում էլ ծառայություն է իրականացնում՝ որպես դպիր։

Չնայած այս ամենին՝ Բեգլարի համար առաջնայինը շարունակում է մնալ պոեզիան։ «Պոեզիան իմ կյանքն է։ Իմ առաջնային դերակատարը պոեզիան է, մնացածը՝ երկրորդական»։

Բեգլարի կյանքում դժվարություններ նույնպես եղել են։ Նրա խոսքով՝ ուսանողական տարիներին ունեցած դժվարությունները կարելի է առանձնացնել, սակայն ամենամեծ ցավը 2020 թվականին է եղել, երբ վաղաժամ մահացել է հայրը։ «Այդ ժամանակ ամեն ինչ փոխվեց, կյանքս լիովին փոխվեց։ Կարծես ամեն բան զրոյից սկսվեց։ Բայց փառք Աստծո, այդ ամենը կարողացա հաղթահարել»,- պատմում է նա։

Երիտասարդը սեփական ձեռքբերումները մեծ չի համարում։ Նրա համոզմամբ՝ եթե մարդուն շնորհ է տրված, այն պետք է օգտագործել միշտ և անդադար։ Նրա ստեղծագործությունները տարածում են գտել նաև եվրոպական էջերում ու լրատվամիջոցներում, սակայն դա, ինչպես ինքն է ասում, իրեն չի ստիպում բավարարվել ունեցածով։ «Ձեռքբերում է, իհարկե, բայց չեմ գոհանում, որովհետև դեռ ունեմ շատ նպատակներ» ։

Ստեղծագործական ճանապարհի վրա մեծ ազդեցություն է ունեցել Վահան Տերյանը։ Բեգլարը դեռ մանկուց սիրել է Տերյանի պոեզիան և նրա ստեղծագործությունները մեծ դեր են ունեցել իր՝ որպես գրողի ձևավորման գործում։ Նույնպես մեծ ազդեցություն է ունեցել Պարույր Սևակը։ Նա ուսումնասիրել է նաև ռուսական պոեզիան՝ հատկապես Պուշկինի և Եսենինի ստեղծագործությունները։

Բեգլարի խոսքով՝ հատկապես խորությամբ է ուսումնասիրել Վահան Տերյանի կյանքն ու ստեղծագործական ուղին, ինչը հետագայում ավելի է խորացրել իր հետաքրքրությունը պոեզիայի նկատմամբ։

Իսկ երիտասարդներին Բեգլարը խորհուրդ է տալիս առաջին հերթին գտնել իրենց և հասկանալ՝ ինչի համար են ապրում։ «Մենք բոլորս ունենք լույս, և պետք է գտնենք այդ լույսը։ Իսկ լույսը գտնելու ճանապարհին պետք է գտնենք նաև մեր խավարը, հասկանանք մեր մեղքերը, մաքրազարդենք դրանք և հասկանանք՝ ինչի համար ենք ապրում։ Ժամանակը պետք է արժանի ծախսենք»,- իր խոսքը եզրափակում է Բեգլար Չրաղյանը։