
Դիանա Բաղդասարյանը ծնվել և մեծացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղում։ Կրթությունը ստացել է Մեծ Խանչալիի հանրային դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիի Բիզնեսի և տեխնոլոգիաների ակադեմիայում։
Դպրոցական տարիներին Դիանան ակտիվ աշակերտ է եղել։ Նա մասնակցել է տարբեր օլիմպիադաների՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում և Արցախում։ Մասնակցել է Արցախում անցկացված Համահայկական 6-րդ օլիմպիադային, իսկ Երևանում՝ Համահայկական 4-րդ օլիմպիադային՝ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից։
Դիանան նաև հաճախել է նկարչության խմբակ և շուրջ 10 տարի զբաղվել պարով։
«Որոշեցի, որ բարձրագույն կրթությունս պետք է ստանամ Երևանում։ 2022 թվականին ես ընդունվել եմ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետ, որտեղ սովորել եմ անգլերենի և գրականության մանկավարժություն և լեզվաբանություն։ Ուսման ընթացքում որպես երկրորդ օտար լեզու ընտրել եմ ֆրանսերենը և սկսել խորանալ նաև ֆրանսերենի ուղղությամբ»,– ասում է Դիանան։
Դիանայի խոսքով՝ համալսարանում ունեցած լավագույն դասախոսների շնորհիվ նա հետաքրքրվել է հոգեբանությամբ։ Հետագայում որոշել է մասնակցել մասնագիտացված դասընթացների և ընտրել արտթերապիայի ուղղությունը։ Նրա նպատակն էր ավելի լավ հասկանալ այն երեխաներին, որոնք ունեն մանկավարժների, լոգոպեդների և տարբեր թերապիաների մասնագետների աջակցության կարիք։
Արտթերապիայի դասընթացն ավարտելուց հետո Դիանան որոշել է աշխատել երեխաների հետ և աշխատանքի է անցել «Երբ բոլորը հավասար են» զարգացման կենտրոնում։ Կենտրոնում եղել է ավելի քան 40 երեխա, որոնց թվում՝ թեթև զարգացման խնդիրներ և աուտիզմ ունեցող երեխաներ։ Դիանան մեծ սիրով աշխատել է նրանց հետ՝ փորձելով իր գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել երեխաների զարգացմանն ու նրանց առօրյան ավելի հեշտ դարձնելուն։
Այսօր Դիանան Երևանում աշխատում է «Շանթ» թիվի մեդիա ակադեմիայում՝ որպես մենեջեր։
Ավելի մանրամասն տեսանյութում՝

