Մոծակների միջոցով փոխանցվում է վտանգավոր վիրուս

Մոծակների միջոցով փոխանցվում է վտանգավոր վիրուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգություն է հայտնել Չիկունգունյա վիրուսի տարածման վերաբերյակ, որը փոխանցվում է մոծակների միջոցով, հաղորդում է Reuters գործակալությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) շտապ միջոցներ ձեռնարկելու և երկու տասնամյակ առաջ ողջ աշխարհում տարածված վիրուսը կանխելու կոչեր է արել։ Այս հայտարարությունը վերաբերում է մի վիրուսի, որի դեմ բուժում գոյություն չունի։ Հայտարարությունը արվել է հիվանդության նոր բռնկումների ֆոնին, որոնք տարածվել են Եվրոպայում և այլ մայրցամաքներում։

Ըստ ԱՀԿ-ի գնահատումների՝ 5,6 միլիարդ մարդ բնակվում է 119 երկրում, որոնք վտանգված են վիրուսով վարակվելու առումով։ Կազմակերպության բժշկական աշխատակից Դիանա Ռոխաս Ալվարեսի խոսքերով՝ հիվանդությունը կարող է առաջացնել բարձր ջերմություն, հոդացավեր և նույնիսկ հաշմանդամություն։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է պատմությունը կրկնվում», – զգուշացրել է նա։

2025 թվականի սկզբին սկսվել է դեպքերի նոր աճ։ Վարակների ամենամեծ թիվը գրանցվել է Հնդկական օվկիանոսի կղզիներում։

Ալվարեսը նշել է, որ վիրուսն այժմ տարածվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մադագասկարը, Սոմալին և Քենիան, ինչպես նաև Հարավարևելյան Ասիան, այդ թվում՝ Հնդկաստանը։ ԱՀԿ-ն մտահոգված է Եվրոպայում վարակի դեպքերի աճով։

Ֆրանսիայում մայիսի 1-ից ի վեր գրանցվել է մոտ 800 վարակման դեպք, որոնք բերվել են այլ երկրներից։ Բացի այդ, արձանագրվել են նաև տեղական վարակման դեպքեր, երբ մարդիկ վարակվել են երկրի ներսում՝ առանց էնդեմիկ շրջաններ այցելելու։ Անցած շաբաթ հիվանդության մեկ դեպք արձանագրվել է նաև Իտալիայում։