
Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ջրասուզակը և Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, ջրային պարեկները։
Ջրային վաշտի պարեկները նավակով և սկուտեռով քաղաքացիների հետ «Գոռ Արս» լողափի տարածքում Սևանա լճից դուրս են բերել 16 տարեկան երեխայի, ում օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ցուցաբերել է առաջին բուժօգնություն, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է երեխայի ինքնությունը։ Քննիչի հանձնարարակոնվ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։