
Գոհար Աղջոյանը ծնվել և մեծացել է Նինոծմինդայի մունիցիպլիտետի Մեծ Արագյալ գյուղում։ Ինչպես նշում Է Գոհարը, փոքր, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ բազում հիմնախնդիրներ ունեցող համայնքում։
Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել Է Թբիլիսի, սովորել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի հոգեբանության և կրթական գիտությունների ֆակուլտետում։ Համալսարան ընդունվելուն պես, սկսել Է աշխատել թրեյներ և այսօր արդեն ունի 8 տարվա փորձ:
Այժմ Գոհարը աշխատում է իր մասնագիտությամբ, անցկացնում է հոգեբանական խորհրդատվություններ (օնլայն, օֆֆլայն), նաև SMM մասնագետ է, իսկ վերջերս բացել է ծաղիկների իր օնլայն խանութը (Solora) Թբիլիսիում:
«Այս ամենին հասնելն ինձ համար հեշտ չի եղել, որովհետև մեծացել եմ ծանր սոցիալական պայմաններում, հաճախ վախեցել եմ ռիսկի գնալուց, համայնքում առկա կարծրատիպերին բախվելով մեկ-մեկ հանձնվել եմ, բայց հիմա ամեն ինչ փոխվել է»,- ասում է Գոհարը։
Ժամանակակից աշխարհի հոգեբանական մարտահրավերները ստիպում են որոշ մարդկանց նորովի գնահատել հոգեբանի մասնագիտության դերը՝ հատկապես այն համայնքներում, որտեղ հոգեբանությանը դեռ վերաբերվում են հին կարծրատիպերով։
Այս զրույցում փորձել ենք բացահայտել ոչ միայն հոգեբանի մասնագիտական ընտրության շարժառիթները, այլև հասկանալ՝ ինչու օրինակ Ջավախքում այդ մասնագիտությունը դեռևս լայն ընդունում չունի։ Հետաքրքրվել ենք նաև՝ արդյոք տարբերություն կա Նինոծմինդայի և Թբիլիսիի բնակիչների մտածողության ու վերաբերմունքի միջև հոգեբանական աջակցության հարցում։
Այն հարցին, թե ինչպես և ինչու որոշեցիք ընտրել հոգեբանի մասնագիտությունը՝ Գոհարը պատասխանեց, որ դեռ վաղ տարիքից կարեկցող և ուշադիր երեխա է եղել և միշտ փորձել է օգնել ու հասկանալ մարդկանց, հիմնավորել նրանց պահվածքը, մտածելակերպը, զգացողությունները։ Ժամանակ առ ժամանակ իր սեփական փորձառության շնորհիվ էլ համոզվել է, թե որքան կարևոր է մարդու հոգեբանական աջակցությունը։ Հենց դա էլ նրան ստիպել է ինչու չէ նաև մղել որպեսզի ընտրի հոգեբանությունը որպես ոչ միայն մասնագիտություն, այլ իր կյանքի ուղի և նպատակ։
«Մարդկանց օգնելը՝ հատկապես հուզական ծանր պահերին, շատ արժեքավոր է։ Բացի այդ, մեր ժողովուրդը հաճախ ստիպված է սեփական կարծիքն ու էմոցիաները թաքցնել, փորձել բոլորին նմանվել, ինչն էլ իր հերթին կարող է մարդու մեջ «ներքին պատերազմ» առաջացնել, որն անտեսել չի կարելի»,-ասում է Գոհարը։
Մենք նաև խոսեցինք այն մասին, թե այսօր որպես հոգեբան, նրան ավելի շատ որտեղից են դիմում Թբիլիսիից, թե ծննդավայրից։
Գոհարը նշեց, որ սկզբնական շրջանում ունեցել է մտավախություններ այն մասին, որ իր ոլորտում հաճախորդներ չի ունենա և մարդկանց օգնելու իր նպատակին չի կարող հասնել, բայց ինչպես նշեց Գոհարը, ի զարմանս իրեն, այսօր արդեն ունի հաճախորդների բավականին մեծ խումբ՝ հենց Ջավախքից։
«Ճիշտ է, այստեղ հոգեբանների հետ աշխատելու մշակույթը դեռ զարգացած չէ, և մարդիկ պատրաստ չեն բաց խոսել իրենց խնդիրների մասին, բայց շատերն են ինձ վստահում ու դիմում խորհրդատվության համար»,- նշեց Գոհարը։
Տեսնու՞մ եք տարբերություններ Նինոծմինդայի և Թբիլիսիի բնակիչների մտածողության կամ վերաբերմունքի մեջ հոգեբանության նկատմամբ։
«Այո՛, տարբերությունն զգալի է։ Թբիլիսիում մարդիկ սովորաբար ավելի տեղեկացված են, բաց են, գիտեն՝ երբ և ինչու պետք է դիմել հոգեբանի։ Նինոծմինդայում դեռ որոշակի զսպվածություն ու վախ կա, հատկապես մեծահասակների շրջանում։ Բայց վերջին ժամանակներում որոշակի բարեփոխումներ կան։ Ի վերջո պետք է հասկանանք, որ հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը և այն անտեսելն կարող է շատ տհաճ հետևանքների հանգեցնել»,- հավելեց Գոհարը։
Այն հարցին, թե ինչու հատկապես Նինոծմինդայի բնակիչները քիչ են դիմում հոգեբանի Գոհարը պատասխանեց, որ սկզբում նրան էլի դիմում են որոշակի մտավախություններով:
«Առաջին հերթին, խնդրելով, որ ոչ-ոք չիմանա, որ իրենք զգացել են հոգեբանի կարիք։ Այս ամենի առաջին պատճառը տեղեկացվածության պակասն է։ Շատերը պարզապես չգիտեն, թե ինչպես է հոգեբանը օգնում, ինչ մասնագետ է կամ կարծում են, թե նրանք հոգեբանի դիմելու են միայն «ծանր հոգեկան խանգարումների» դեպքում, նաև հաճախ չեն տարբերակում հոգեբանի և հոգեբույժի աշխատանքը։ Բացի այդ, հասարակության մեջ կան կարծրատիպեր, որն առաջացնում է, ամոթի զգացում, և հայերիս ամեն ինչ ներսում պահելու սովորությունը խանգարում է մեզ խոսել մեր զգացածի և ապրածի մասին։ Սակայն վստահ եմ՝ ժամանակի ընթացքում այս վերաբերմունքը ևս կփոխվի»,- ասաց Գոհարը։