Դպրոցական հուշերի վերադարձը 25 տարի անց

Դպրոցական հուշերի վերադարձը 25 տարի անց

Օգոստոսի 20-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի հանրային դպրոցում տեղի ունեցավ շրջանավարտների հանդիպում: 1999-2000 ուսումնական տարվա շրջանավարտները 25 տարի անց հավաքվեցին իրենց հարազատ կրթօջախում։

Միջոցառումը կազմակերպել էին աշակերտները՝ Դիաննա Բրոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցեցին 24 շրջանավարտ և 18 ուսուցիչ:

Աշակերտներից շատերը ժամանել էին տարբեր վայրերից՝ հաղթահարելով հազարավոր կիլոմետրեր, աշխատանքային գրաֆիկներ ու առօրյա հոգսեր։ Նպատակը մեկն էր՝ վերագտնել մանկության ընկերներին, վերապրել անցած օրերը, կիսվել հիշողություններով, պատմություններով ու այն գեղեցիկ պահերով, որոնք հյուսվել էին դպրոցի պատերի ներսում։

Հանդիպումն ուղեկցվում էր բուռն հույզերով։ Մասնակիցները այցելեցին իրենց դասարան, որտեղ ամեն անկյուն, սեղան ու աթոռ արթնացնում էր հուշեր։ Շնորհակալության խոսքեր հնչեցին ուսուցիչներին՝ կրթական գործին ցուցաբերած անմնացորդ նվիրումի, հոգատար վերաբերմունքի և արժեհամակարգ ձևավորելու համար։ Նրանց հանձնվեցին շնորհակալագրեր՝ որպես երախտագիտության խորհրդանիշ։ Աշակերտներն ու ուսուցիչները փոխանակվեցին կրծքանշաններով՝ որպես հարգանքի և երախտագիտության նշան։ Ուսուցիչները նույնպես հանդես եկան բարեմաղթանքներով՝ իրենց սրտի խոսքը հղելով սաներին։

Աշակերտները դպրոցին պատրաստել էին նվերներ, իսկ Համլետ Խաչատրյանը՝ ծաղիկներ դասղեկին և կանանց։

Համադասարանցի Դիաննա Բրոյանը գրել է նաև բանաստեղծություն․

Սիրելինե՛րս, խոսք գտնելը այսօր շատ դժվար է։ Այն, ինչ ուզում եմ ասել ձեզ, բառերով չի ասվում։ Երբ 25 տարի առաջ դուրս եկանք դպրոցի դռնից, մենք չհասկացանք՝ ինչ ենք թողնում մեր մեջքի հետեւում։

Մենք բոլորս շտապում էինք մեծանալ։ Մենք մտածում էինք՝ կյանքը սպասում է մեզ։ Բայց իրականում… կյանքը հենց այս պատերից ներս էր։ Ես հաճախ եմ վերադառնում այնտեղ՝ մտքումս։ Հաճախ նստում եմ նույն նստարանին։

Լռության մեջ լսում եմ մեր ծիծաղը։ Ու ասում եմ ինքս ինձ՝ «Ի՞նչ լավ էիք դուք… ի՞նչ մաքուր էր մեր ամեն մի օրը…» Երբ մենք երեխա էինք, չենք հասկանում՝ ինչ ուժ ունի ընկերությունը, որ մի օր հենց այս մարդիկ են դառնալու քո կյանքի ամենաթանկ հիշողությունները։ Եվ հիմա, երբ նայում եմ ձեր աչքերին, ես տեսնում եմ ոչ թե 25 տարի անցած մարդկանց։

Ես տեսնում եմ այն երեխաներին, ովքեր ինձ սովորեցրին ժպտալ, սիրել հավատալ, լինել բարի… նույնիսկ երբ կյանքը դաժան է։ Ո՞վ էր մեզ ասում, որ կյանքը այդքան արագ կանցնի։ Ո՞վ էր զգուշացնում, որ մեր մանկությունն անցողիկ է։ Ոչ ոք։ Ուզում եմ միայն մեկ բան խնդրել ձեզնից։ Մի՛ մոռացեք միմյանց։

Ոչ միայն այս օրը, այլ միշտ հիշեք միմյանց, ինչքան սեր կար այս դասարանում։ Մեր դասարանը պարզապես պատահական դասարան չէր։ Դա մեր սրտի հասցեն էր։ Մեր հոգու տունը։ Շնորհակալ եմ, որ եղել եք։ Շնորհակալ եմ, որ մնում եք։ Ու եթե կյանքը նորից ինձ հնարավորություն տար՝ Ես նորից կընտրեի ձեզ` 11 Բ: