
Միչիգանի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ գիշերային հերթափոխով աշխատող կանանց մոտ ավելի հաճախ են նկատվում դաշտանային ցիկլի խանգարումներ և հորմոնալ համակարգի խնդիրներ։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սան Ֆրանցիսկոյում կայացած ENDO 2025 Էնդոկրին ընկերության հանդիպման ժամանակ։
Մկների վրա կատարված փորձի ժամանակ գիտնականները մոդելավորել են հերթափոխային աշխատանքային գրաֆիկ. յուրաքանչյուր չորս օրը մեկ լույսերի միացման ժամը տեղափոխվել է վեց ժամով: Ընդամենը մի քանի շաբաթ անց էգերի կեսն ունեցել է անկանոն դաշտանային ցիկլ, իսկ թեստերը ցույց են տվել հորմոնալ անհավասարակշռություն և ձվարանների վատթարացում:
Վերլուծությունը ցույց է տվել, որ նույնիսկ ցիկլը պահպանած մկների մոտ խախտվել են արգանդի և ձվարանների աշխատանքի ձևերը։ Բոլոր կենդանիները կարողացել են հղիանալ, սակայն փորձարարական խմբում ծնելիությունը ցածր է եղել, իսկ ծննդաբերությունները ավելի հաճախ են եղել բարդություններով։
«Գիշերը լույսը բացասաբար է ազդում օրգանիզմի ներքին ժամացույցի վրա։ Ոմանց մոտ դա անմիջապես հանգեցնում է հորմոնալ խանգարումների, իսկ ուրիշների մոտ՝ ոչ։ Բայց երկարաժամկետ հեռանկարում բոլորը ռիսկի են դիմում բախվելու ձվարանների աշխատանքի խանգարումների և հղիության բարդությունների, ներառյալ ծանր ծննդաբերությունների հետ»,- պարզաբանել է Միչիգանի համալսարանի գիտաշխատող Ալեքսանդրա Յաուն։
Ապագայում հետազոտողները նախատեսում են պարզել, թե կոնկրետ ինչպես է ցիրկադային ռիթմերի խախտումն ազդում արգանդի ֆունկցիայի վրա հղիության ընթացքում։ Գիտնականների խոսքով՝ նոր տվյալները կօգնեն բժիշկներին նախազգուշացնել հիվանդներին գիշերային հերթափոխով աշխատելու ռիսկերի մասին, իսկ գործատուներին՝ մշակել ավելի մեղմ գրաֆիկներ։