Ճարպոտ սնունդը վատթարացնում է ուղեղի աշխատանքը

Ճարպոտ սնունդը վատթարացնում է ուղեղի աշխատանքը

Ճարպոտ սնունդով հարուստ սննդակարգը ոչ միայն մեծացնում է ճարպակալման և շաքարախտի առաջացման վտանգը, այլև կարող է վատթարացնել ուղեղի աշխատանքը՝ արագացնելով նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, դրանց թվում՝ Ալցհայմերի հիվանդության զարգացումը։ Նման եզրակացության են հանգել Ճապոնիայի Թիբա համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS Genetics հանդեսում։

Գիտնականները ցույց են տվել, որ ճարպոտ սնունդը խաթարում է աուտոֆագիան՝ բջիջներում թափոնների վերամշակման գործընթացը, որը կենսականորեն կարևոր նշանակություն ունի նեյրոնների առողջության համար։ Մրգաճանճերի (drosophila) վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այդ մեխանիզմում խափանումն ազդում է երկարատև և միջնաժամկետ հիշողության վրա, այն դեպքում, երբ կարճատև հիշողությունը մնում է անփոփոխ։

 «Մեր արդյունքները ենթադրում են, որ սննդակարգով պայմանավորված հիշողության խանգարումն անդառնալի չէ և կարող է բարելավվել աուտոֆագիան խթանող միջամտություններով, մասնավորապես՝ վարժություններով կամ ընդմիջումներով քաղցածությամբ»,- նշել է հետազոտության ղեկավար, դոցենտ Այակո Տոնոկին։

Սննդի և ճանաչողական գործառույթի միջև կապը ստուգելու համար մրգաճանճերին մեկ շաբաթ կերակրել են նորմալ կամ ճարպոտ սնունդով։ Ճարպոտ սնունդով կերակրված միջատները լիպիդների և գլյուկոզի ավելի բարձր մակարդակ են ցույց տվել, փոխարենը՝  վատ արդյունքներ՝ հիշողության թեստերում։ Սպիտակուցի վերլուծությունը հաստատել է, որ աուտոֆագիան խաթարվել է. «վերամշակվող» բջջային ներառուկների (vesicle- բջջի կենսագործունեության որոշակի փուլերում ձևավորվող և անհետացողոչ մշտական բաղադրամասեր -խմբ.) քանակը նվազել է, իսկ Ref(2)p սպիտակուցային մարկերի կուտակումը մեծացել է։

Հիմնական արդյունքը. հիշողությունը վերականգնվել է աուտոֆագիայի արհեստականորեն ուժեղացման միջոցով՝ ինչպես գենետիկական մեթոդների, այնպես էլ ռապամիցին նյութի օգտագործման միջոցով։

Գիտնականները միաժամանակ պարզել են, որ հիմնական խնդիրը բջջային «օգտահանության» վերջնական փուլում է՝ աուտոֆագոսոմների և լիզոսոմների միաձուլման մեջ։ Բարձր ճարպային սննդակարգով սնվող կենդանիների շրջանում այս գործընթացը արգելափակվել է, ինչի մասին վկայում են լիզոսոմի ֆունկցիային առնչվող գեների արտահայտման փոփոխությունները։

 «Մեր հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես են մեր սննդային սովորությունները անմիջականորեն ազդում ուղեղի առողջության վրա։ Այն նաև մեզ ավելի է մոտեցնում ռազմավարությունների ստեղծմանը՝ սննդանյութերի ընտրությունից մինչև դեղերի մշակում, որոնք կօգնեն պաշտպանել ճանաչողական ունակությունների գործառույթը և դանդաղեցնել ուղեղի ծերացումը»,- ընդգծել է Տոնոկին։