
Nutrients բժշկագիտական հանդեսում հրապարակված վերջին հհետազոտությունը պարզել է, որ կարմիր մսի չափավոր օգտագործումը հաշվեկշռված օրաբաժն շրջանակում ի վիճակի է օգնել բարելավելու ուղեղի առողջությունը խթանող սննդարար նյութերի, մասնավորապես՝ B12 վիտամինի և ցինկի, մակարդակը՝ առանց բացասաբար ազդելու աղիքային միկրոբիոմի կամ հոգեկան առողջության վրա։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 3600 կամավոր, որոնց տվյալները հավաքագրվել են American Gut Project ծրագրի շրջանակում։ Մասնակիցները տրամադրել են կղանքի նմուշներ և լրացրել են իրենց սննդակարգի վերաբերյալ հարցաթերթիկներ, որից հետո նրանց սննդակարգը գնահատվել է «Առողջ սննդի ինդեքսի» (HEI) միջոցով, որը հաշվի է առնում ինչպես առողջ, այնպես էլ անառողջ սննդի բաղադրիչները։
Մասնակիցները բաժանվել են չորս խմբի՝ հիմնվելով կարմիր մսի սպառման և օրաբաժնի որակի վրա։ Արդյունքները ցույց են տվել, որ կարմիր միս չօգտագործողների համեմատ կարմիր մսի սպառողները, որոնք ունեին Առողջ սննդի բարձր ինդեքս, ունեին ուղեղի առողջությունը խթանող վիտամինների և հանքանյութերի ավելի բարձր մակարդակներ, մասնավորապես՝ վիտամին B12, ցինկ, սելեն, կալցիում, D վիտամին, խոլին և երկաթ։ Ընդ որում Ֆոլաթթվի մակարդակը փոքր-ինչ ցածր էր կարմիր մսի սպառողների շրջանում, բայց դա չի հանգեցրել անբավարարության։ Բացի դրանից, բարձրորակ սննդակարգի շրջանակում կարմիր մսի չափավոր օգտագործումը բացասաբար չի ազդել աղիքային միկրոբիոտայի վրա և կապված է եղել մանրէային բազմազանության բարելավման հետ։ Բարձր «Առողջ սննդի ինդեքսի» միավորները կապված են եղել նաև դեպրեսիայի, երկբևեռ խանգարման և միգրենի ավելի ցածր տարածվածության հետ՝ անկախ կարմիր մսի օգտագործումից։
Հետազոտության հեղինակները նշում են, որ ուսումնասիրությունը լայնական բնույթ ունի և չի կարող պատճառահետևանքային կապեր հաստատել։ Նրանք նաև բացահայտում են, որ ուսումնասիրությունը ֆինանսավորել է Տավարի մսի արտադրողների ազգային ասոցիացիան, չնայած հովանավորները չեն մասնակցել հետազոտության նախագծմանը կամ տվյալների վերլուծությանը։