
Ճապոնական PorMedTec ստարտափը մտադիր է մինչև 2027 թվականը ֆերմա բացել կլոնավորված խոզեր բուծելու համար, որոնք կօգտագործվեն մարդկանց օրգանների փոխպատվաստման նպատակով։ Այս մասին հայտնել է Nikkei Asia պորտալը։
Հրապարակման մեջ նշվում է, որ PorMedTec-ը ամերիկյան eGenesis կենսատեխնոլոգիական ընկերության հետ համատեղ կստեղծի կլոնավորված կենդանիներ՝ օգտագործելով սովորական խոզերի բջիջներ։ Կենսանյութը նախապես կենթարկվի գենետիկ մոդիֆիկացիայի՝ ապագա պացիենտի իմունային համակարգի կողմից օրգանների մերժման հավանականությունը նվազեցնելու համար։
Ֆերման կտեղակայվի Օսակայում և տարեկան կբուծի շուրջ 100 խոզ։ Հենց որ կենդանիները հասնեն անհրաժեշտ չափսի, նախատեսվում է դրանց տեղափոխել բժշկական կենտրոններ՝ անհրաժեշտ օրգանները հանելու համար։ Ֆերմայում կգործարկվի ժամանակակից սարքավորումներ, ներառյալ արհեստական բանականութան հսկողության տեսախցիկներ՝ խոզերի մարմնի ջերմաստիճանը և կենսաբանական այլ ցուցանիշները հետևելու համար։
Պորտալը նշում է, որ դոնորական նյութի պակասի պայմաններում մարդկանց փոխպատվաստումների համար կարելի է օգտագործել խոզի օրգաններ, քանի որ դրանք չափերով նման են մարդկային օրգաններին։ Անցյալ տարվա փետրվարին Տոկիոյի Մեյձիի համալսարանը, որի նախագիծն է PorMedTec-ը, հայտնել էր, որ այս ստարտափը և eGenesis ընկերությունը Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ ստեղծել են երեք կլոնավորված խոզ՝ հետագայում դրանց օրգանները մարդկանց փոխպատվաստելու համար, իսկ նոյեմբերին ճապոնական ընկերությունն առաջին անգամ հաջողությամբ խոզի երիկամ է փոխպատվաստել կապիկին։ 2025 թվականի սեպտեմբերին eGenesis-ը հայտարարել է, որ այն հիվանդը, ում ավելի վաղ փոխպատվաստել էին գենետիկորեն մոդիֆիկացված խոզի երիկամ, ռեկորդային յոթ ամիս է ապրել՝ առանց դիալիզի կարիք ունենալու (արյան մաքրում տոքսիններից ֆիլտրման միջոցով)։
PorMedTec նախագիծը գործարկվել է Մեյձիի համալսարանի կողմից 2017 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել համաշխարհային բժշկության զարգացմանը՝ ստեղծելով ռեգեներատիվ բժշկության համար նոր սերնդի նյութեր։

