
Ջոնս Հոփքինսի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ ծխախոտի օգտագործումը կրճատելը գրեթե չի նվազեցնում սրտանոթային հիվանդությունների ռիսկը. միայն ծխելը լիովին թողնելն է զգալի օգուտներ բերում: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են PLOS Medicine ամսագրում:
Աշխատանքը միավորել է 22 երկարաժամկետ կոհորտային հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակցել է 323 826 չափահաս և որոնց դիտարկումներն իրականացվել են գրեթե 20 տարի։ Այդ ընթացքում գրանցվել է ավելի քան 125 հազար մահ և 54 հազար սիրտ-անոթային հիվանդությունների դեպք։ Հետազոտողները վերլուծել են կամավորների ծխելու փորձը, ծխախոտների օրական քանակը և ծխելը թողնելուց հետո անցած ժամանակը՝ օգտագործելով Քոքսի համամասնական ռիսկերի մոդելները։
Մասնակիցների միջին տարիքը մոտավորապես 60 տարեկան է եղել, իսկ մեծամասնությունը՝ կանայք: Ուսումնասիրությանը մասնակցելու պահին 14%-ը ծխողներ են եղել, 49%-ը թողել է ծխելը, իսկ 36%-ը երբեք ծխախոտային արտադրանք չի օգտագործել:
Հետազոտության մեջ ներառվել է ժողովրդագրական փոփոխականները, մարմնի զանգվածի ինդեքսը, շաքարախտը, սրտի իշեմիկ հիվանդությունը և ալկոհոլի օգտագործումը։
Արդյունքները ցույց են տվել, որ նույնիսկ օրական մի քանի ծխախոտ ծխելը կապված է եղել սրտանոթային հիվանդությունների ռիսկի զգալի աճի հետ։
«Ներկայիս և նախկին ծխողների համար վտանգի աստիճանը որոշվում է երեք գործոնով՝ ծխելու տևողությամբ, ծխախոտների օրական քանակով և ծխախոտից հրաժարվելուց հետո անցած ժամանակով։ Սակայն միայն ծխախոտից ամբողջական հրաժարվելն է էապես նվազեցնում սրտի և անոթների հիվանդությունների զարգացման հավանականությունը», – ասել է բժշկական գիտությունների դոկտոր, Չիքքարոնեի անվան սրտանոթային հիվանդությունների կանխարգելման կենտրոնի կլինիկական հետազոտությունների տնօրեն և հետազոտության առաջատար հեղինակ Մայքլ Բլահան։

