
Գիտնականներն ավելի հաճախ են խոսում այն մասին, որ գերվերամշակված մթերքների տարածումը դառնում է ամբողջ աշխարհում քրոնիկ հիվանդությունների աճի հիմնական պատճառներից մեկը։ The Lancet ամսագրում հետազոտողները գրում են, որ նման մթերքներն աստիճանաբար դուրս են մղում սովորական թարմ սնունդն ու տնական խոհանոցը՝ լուռ, բայց շատ նկատելիորեն փոխելով մեր սովորությունները:
Գերվերամշակված սնունդն արդյունաբերական եղանակով ստեղծված և հաճախ իր «նախնական» տեսքից հեռու մթերքն է։ Դրանց թվին են դասվում գործարանային պաղպաղակը, երշիկեղենը, նրբերշիկները, չիպսերի շատ տեսակներ, խանութի՝ զանգվածային սպառման հացը, արագ պատրաստման փաթիլները, թխվածքաբլիթները, գազավորված ըմպելիքներն ու պատրաստի կերակրատեսակները։ Դրանք սովորաբար պարունակում են մեծ քանակությամբ աղ, շաքար, հագեցած ճարպեր և հավելումներ՝ պահպանանյութեր, էմուլգատորներ, բուրավետիչներ և գունանյութեր։ Դրա պատճառով նման սնունդը դառնում է կալորիական, բայց գրեթե զուրկ է օգտակար նյութերից՝ վիտամիններից, հանքանյութերից և բջջանյութից։
Գիտնականներն ընդգծում են, որ նման արտադրանքի կանոնավոր օգտագործումը կապված է ճարպակալման, սրտի հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների և անգամ վաղաժամ մահվան բարձր ռիսկի հետ։ Սակայն խնդիրը միայն բաղադրությունը չէ։ Հարցն ավելի խորն է. սննդի արդյունաբերության տնտեսական հզորությունը գերվերամշակված սնունդը դարձնում է էժան, հասանելի և ագրեսիվ գովազդվող, հատկապես՝ երեխաների շրջանում։
Հետազոտողները ոչ բավարար են համարում առկա միջոցառումները, որոնք հիմնված են արտադրողների նախաձեռնության կամ պատասխանատվությունը սպառողի վրա դնելու վրա։ Այդ մթերքները «բարելավելու» փորձերը՝ շաքարը հանելը, հետո ճարպը հանելը, ամեն ինչ քաղցրացուցիչներով կամ համի ուժեղացուցիչներով փոխարինելը, հազվադեպ են լուծում խնդիրը, իսկ երբեմն այն ավելի են բարդացնում։
Հետազոտության հեղինակներն առաջարկում են ամբողջությամբ փոխել մոտեցումը՝ աջակցել բնական, նվազագույն վերամշակման ենթարկված մթերքների հասանելիությանը, կարգավորել գերվերամշակված սննդի մարքեթինգն ու վաճառքը, հատկապես դպրոցներում, և զարգացնել ավելի գիտակցված սնվելու մշակույթը։
Գիտնականների հիմնական միտքը պարզ է. մենք դատապարտված չենք սնվելու այնպես, ինչպես թելադրում է արդյունաբերությունը։ Եվ որքան շուտ սկսենք վերադառնալ ավելի բնական սննդի, այնքան մեծ կլինեն առողջությունը պահպանելու մեր շանսերը։

