Վրաստանում մանկական սննդի որոշ խմբաքանակ հետ են կանչվում

Վրաստանում մանկական սննդի որոշ խմբաքանակ հետ են կանչվում

Մանկական սննդի որոշ խմբաքանակների հետկանչման որոշումը կայացվել է ընկերության կողմից՝ որպես զգուշության միջոց, հաշվի առնելով նույնիսկ նվազագույն, պոտենցիալ հնարավոր ռիսկեր։ Այս մասին հայտարարել է «Նեստլե Վրաստան» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գիորգի Ալադաշվիլին։

Նրա խոսքով՝ որակի հարցերն իրենց համար առաջնահերթություն են։

«Նեստլե Վրաստանը» կամավոր կերպով հետ է կանչում մանկական սննդի NAN 1 և NAN 2 ապրանքատեսակների սահմանափակ խմբաքանակ։ Այս որոշումը չի վերաբերում այլ խմբաքանակներին կամ այլ ապրանքատեսակներին։ Տվյալ խմբաքանակներից արտադրանքի օգտագործման հետևանքով առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ Վրաստանում որևէ դիմում չենք ստացել։ Հետկանչման որոշումը կայացվել է ընկերության կողմից՝ նախնական զգուշության միջոցների շրջանակում՝ համաշխարհային մակարդակով ընդունված որոշման հիման վրա։ Այս որոշման մասին անմիջապես տեղեկացրել ենք Վրաստանի Սննդի ազգային գործակալությանը և համագործակցում ենք կարգավորող մարմնի հետ։ Որակի հարցերն առաջնահերթություն են մեզ համար։ Հետկանչման որոշումը կայացվել է նույնիսկ նվազագույն, հնարավոր ռիսկերի հաշվառումով։ Մենք ստանձնում ենք պարտավորություն՝ փոխհատուցել այն ապրանքները, որոնք գնվել են հիշյալ խմբաքանակներից։ Սպառողների առողջությունն ու անվտանգությունը մեզ համար առավելագույն կարևորություն ունեն», – ասել է Գիորգի Ալադաշվիլին։

Հիշեցնենք, որ մինչ այդ Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը տարածել էր հայտարարություն, որ «Cereulid տոքսինի հայտնաբերման հնարավոր ռիսկի պատճառով «Նեստլեի» մանկական սննդի որոշ խմբաքանակների դուրսբերում է իրականացվում շուկայից»։